2013թ. դեկտեմբերի 17-ին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար տիկին Անահիտ Բախշյանը գրությամբ դիմել էր Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանին՝ խնդրելով տրամադրել Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեով նախատեսված դրոշների ձեռքբերման վերաբերյալ հետևյալ տեղեկությունները, այս մասին հայտնում ենք դաշինքի մամուլի ծառայությունից:
1. ինչպիսի՞ գնման ընթացակարգով է իրականացվում դրանց ձեռքբերումը, ովքե՞ր են մատակարարները,
2. դրոշների գնման պայմանագրերի պատճենները,
3. որքա՞ն է կազմում մեկ դրոշի գինը՝ ըստ չափերի և որակի,
4. ըստ վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի շենքի համար առանձին որքա՞ն գումար է նախատեսված եղել դրոշների ձեռքբերման համար ու համապատասխանաբար որքա՞ն գումար է ծախսվել 17.12.2013թ. դրությամբ,
5. որքա՞ն դրոշ է գնվել 17.12.2013թ. դրությամբ՝ ըստ վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի շենքի համար առանձին,
6. որքա՞ն է կազմում մեկ դրոշի օգտագործման միջին ժամանակահատվածն՝ ըստ վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի շենքի համար առանձին:
Այս գրության ի պատասխան Երևանի քաղաքապետի կողմից լիազորված անձից ստացվել է գրություն, որով ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի պատասխանը, որում առկա են նշված հարցադրումների վերաբերյալ տեղեկություններ: Մասնավորապես նշվում է, որ Երևան քաղաքի 2013թ. բյուջեով «Դրոշների տեղադրում» ծրագրով 2013թ.-ի համար ձեռք է բերվել 15200 հատ 1մ x 2մ չափի, 800 հատ 1,5մ x 3մ չափի և 1,8մ x 3,6մ չափի ՀՀ դրոշներ, որոնց ձեռքբերման գները համապատասխանաբար կազմել են մեկ հատի համար 1425, 2350 և 3650 ՀՀ դրամ:
Դրոշների ձեռքբերման գործընթացն իրականացվել է գնումների մասին ՀՀ օրենսդրության համապատասխան, և հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Ձևավորում» ՓԲԸ-ն: Պայմանագրի գինը կազմել է 24 միլիոն 989 հազար ՀՀ դրամ: Ձեռք բերված դրոշների որակը սահմանված է եղել ըստ ՀՍՏ50-2012 ստանդարտի:
Նաև նշվում է, որ Երևան քաղաքում մեկ դրոշի օգտագործման ժամանակահատվածը կազմում է 15-20 օր և կախված եղանակային պայմաններից՝ փոխվում է ամիսը մեկ կամ երկու անգամ, որի արդյունքում պահպանվում է ՀՀ դրոշի պատշաճ տեսքը:
Փաստացի, ինչպես տեսնում ենք, 4-րդ և 5-րդ հարցերին կոնկրետ պատասխաններ չեն տրվել: Միայն նշվել է, որ Երևան քաղաքի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող գերատեսչական շենքերի, դպրոցների, մանկապարտեզների դրոշների փոփոխման գործընթացի ընթացքում օգտագործվել է վերը նշված ծրագրով նախատեսված 24,989 մլն գումարի շրջանակներում ձեռք բերված ՀՀ դրոշները:
24.01.2013 թ.
Երևան