Հայաստանի Արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը ֆեյսբուքի իր էջում, անդրադառնալով ադրբեջանական APA գործակալության տարածած հերթական ապատեղեկատվությանը, գրել է.
«Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հունվարի 24-ին կայացած հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում կայացած բանակցությունների բովանդակությանը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմն ինքն իր հետ է բանակցել` ասելով իր սրտի ուզածը, ինքն իր համար ինչ-որ լուծումներ առաջարկել եւ այդ ամենը փորձում է ներկայացնել որպես բանակցությունների բովանդակություն: Դա տեղի ունեցած հանդիպման էության խեղաթյուրում է, ինչը եւս մեկ արտահայտություն է բանակցային գործընթացը գլխիվայր ներկայացնելու ադրբեջանական կողմի շարունակական գործելաոճի»:
Նշենք, որ ադրբեջանական APA գործակալությունը հաղորդել էր, թե Ադրբեջանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Էլման Աբդուլլաեւն ասել էր, թե «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների հիմքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է»: