Բանակի օրվա առթիվ, Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար, Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ ս. թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձը փոքրաթիվ ուժերով կասեցրած և հակառակորդին հետ մղած զորամասի զինծառայողները Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել են պետական բարձր պարգևներով, այս մասին հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից:

Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Բանակի օրվա առթիվ և Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության ու անձնական խիզախության, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ ևս պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով:

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր կայացել է պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է զինծառայողներին և ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ և նրանց ներկայությամբ Բանակի օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձը հղել մեր հայրենակիցներին:

 

***
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը պարգևատրվածներին

 

Հարգելի՛ պարգևատրվածներ,

Շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա և հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ: Ձեր առաքելությունն առանձնահատուկ է: Դրա համար էլ այն կոչվում է ծառայություն և ոչ թե աշխատանք: Մեր ողջ ժողովուրդը ակնածանքով է վերաբերվում ձեր գործին և երախտագիտության զգացում ունի մեր բանակի և հայրենիքի յուրաքանչյուր զինվորի նկատմամբ:

Այսօր այստեղ են թե՛ կադրային սպաներ, թե՛ զորակոչային զինծառայողներ, որոնք բոլորը միասին վերցրած մի հզոր, համաժողովրդական ուժ են: Անպարտելի ուժ, որից հակառակորդը զգուշանում ու նաև վախենում է: Դուք այն վահանն եք, որի ներքո ապրում ու արարում են մեր երկիրն ու ժողովուրդը: Այսօր ինձ է պատիվ վիճակվել հանձնել ձեզ Հայաստանի Հանրապետության պարգևները, բայց դրանք մեր պետության և ամբողջ ժողովրդի կողմից տրվող գնահատականներն են: Ապրե՛ք, կեցցե՛ք դուք, որ մարմնավորում եք մեր կարողականությունը և դրսևորում եք մեր ժողովրդի լավագույն որակները: Մաղթում եմ ձեզ առողջություն ու երջանկություն, անփորձանք ծառայություն: Շարունակե՛ք ձեր սուրբ գործը, շարունակե՛ք ձեր նախորդների փառավոր ավանդույթները: Շարունակե՛ք լինել այնպիսին, ինչպիսին կաք, բայց նաև շարունակեք կատարելագործել ձեր ունակություններն ու հմտությունները:

Այսօր մենք հիշում ու ոգեկոչում ենք մեր բոլոր հերոսներին անուն առ անուն: Օրեր առաջ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ցուցաբերած վեհ կեցվածքը վճռական պահին և նրա ու ընկերների սխրանքը մեր բանակի իսկական նկարագիրն են ու օրինակը: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի զինվորի և արժանավոր հայորդու՝ Արմեն Հովհաննիսյանի պայծառ հիշատակը:

Շնորհակալ եմ:

Հարգելի ներկաներ,

Դուք իրավամբ այն մարդիկ եք, Հայաստանի այն քաղաքացիները, ում առաջ պատիվ է հնչեցնել Բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձը, ինչը ես կանեմ ձեր թույլատվությամբ:

 

Պարգևատրվածների ցանկը`

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝

Արմեն Լևոնի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ թիվ 49971 զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ (հետմահու)

Արիության մեդալով՝

Սարգիս Պապիկի ԹԱՆԱՆՅԱՆԻՆ թիվ 49971 զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ

Արսեն Աշոտի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ թիվ 49971 զորամասի շարքային

Մարտական ծառայության մեդալով`

Արթուր Վանիկի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ թիվ 38401 զորամասի շարքային

Նորայր Վարդանի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ թիվ 49971 զորամասի շարքային

Սամվել Արտավազդի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ թիվ 38401 զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ

Լյուդվիգ Խաչատուրի ՍԵՐՈԲՅԱՆԻՆ թիվ 38401 զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ: