«Հրապարակ» թերթը գնացել է մի նամակի հետքերով, որը ստացել է «Երևանի պետական բժշկական համալսարանի անցուդարձին մոտ կանգնած անձից»։
«Նամակագիրը տեղեկություններ է հայտնում, որ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանին պատկանող Դիլիջանի հանգստյան տունը վարձակալությամբ տրվել է մի ընկերության, որի «տանիքը» ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է։
«Ասեմ, որ ոչ մի անձնական կապ ԵՊԲՀ Դիլիջանի ուսումնաարտադրական բազայի և նրա վարձակալության մասին որոշման հետ չունեմ։ Մնացած հարցերը կարող եք ճշտել Պետգույքի կառավարման վարչությունից»,– թերթին ասել է Ա. Աշոտյանը։
«ԵՊԲՀ մամուլի պատասխանատու Վիկտորիա Անիկինան մեզ նույն խորհուրդը տվեց՝ վստահեցնելով, որ բժշկական համալսարանի ուսումնաարտադրական բազան վարձակալ չունի, համալսարանը չի պատրաստվում այն վաճառել։
Սակայն Պետգույքի կառավարման վարչությունից այլ պատասխան ստացանք։ «ԵՊԲՀ Դիլիջանի բազան անցյալ տարի կառավարության որոշմամբ տրվել է վարձակալության։ Բազան տարբեր շենքեր և շինություններից է կազմված։ Դրանք վատ վիճակում էին, համալսարանը չէր հասցնում ներդրում անել և հիմա այդ հանգստյան վայրը հանձնվել է երկարաժամկետ վարձակալության, որ ներդրումներ արվեն, և որ այն ծառայի բուհի կարիքներին»,- թերթի փոխանցմամբ ասել է վարչության մամուլի քարտուղար Մարգարիտ Սարգսյանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։