Եթե Վարդան Ղուկասյանի որդին խուլիգանություն է անում, դա իրավապահ մարմինների գործն է նրանք պետք է գործեն: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու արարքին ընդդեմ ներկային քաղաքապետ Սամվել Բալասանյանի, նման տեսակետ արտահայտեց հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

«Դա քաղաքականացնել և քաղաքի խնդիրները թողնել, ու դրանով զբաղվելը ճիշտ չէ: Հիմա էլ՝ ասում են Գյումրին կրիմինալ քաղաք է, դա այդպես չէ: Ես չեմ կարող չնշել, որ շատ բաներ չպետք է այնպես լիներ, ինչպես եղել է», - նշեց նա:

Հանրապետական պատգամավորի խոսքերով ներկայիս քաղաքապետը պետք է շարունակի կատարել իր գործը, այդպես պետք է վարվի նաև ոստիկանությունը:

«Ինչ վերաբերում է Ղուկասյանին, ես միշտ ասել եմ՝ նա ուներ բազում թերություններ և առավելություններ: Առավելությունն այն է, որ նա քաղաքը սիրում է, սակայն նրա շրջապատում կային մարդիկ, որոնք այդ ամենը վատ կողմ էին տանում», - նշեց նա:

Մինասյանը չի ընդունում Գյումրին որպես կրմինալ քաղաք ձևակերպումը, սակայն, միաժամանակ, չի կարող գնահատական տալ Վարդան Ղուկասյանի որդու արարքներին, քանի որ գործում է անմեղության կանխավարկածը:

«Ի՞նչ կա կրիմինալ, ենթադրենք մեկը գնացելա հայհոյանքա տվել, թող բռնեն նստացնեն: Օրենքը պետք է գործեր և պետքա գործի, բայց ես չեմ կարող ինձ վրա վերցնել օրենքի ամբողջ ընկալումը, կա անմեղության կանխավարկած և ես դա հարգում եմ և չեմ կարող ոտնահարել», - նշեց նա:

Ասուլիսի ընթացքում Մկրտիչ Մինասյանն անդրադարձավ նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարություններին, նշելով, որ դա սառը ցնցուց էր բոլորի համար:

«Սամվել Բալասանյանին ես շատ լավ եմ ճանաչում և բարձր եմ գնահատել նաև նրան որպես պատգամավոր, իսկ քաղաքապետի գործունեությունը պետք է վեր կանգնի մանր-մունր բաներից», - եզրափակեց նա: