«168 ժամ» թերթը գրում է. «ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկում է միջոցներ ձեռնարկել Մաքսային միությանը միանալու միջոցառումների՝ «ճանապարհային քարտեզը», ծրագրի իրագործման գործողությունների մասին փաստաթուղթը ձեռք բերելու, ուսումնասիրելու ուղղությամբ:
Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի` Մաքսային միությանը եւ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի ընդհանուր տնտեսական տարածքին միանալու միջոցառումների՝ «ճանապարհային քարտեզի», ծրագրի իրագործմանն ուղղված գործողությունների ժամանակացույցը, սակայն, իշխանությունները շարունակում են գաղտնի պահել «ճանապարահային քատեզի» բովանդակությունը:
Երեկ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «ճանապարհային քարտեզի» բովանդակությանը ծանոթ չէ ոչ միայն հասարակությունը, Ազգային ժողովը, այլեւ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը:
«Չնայած կառավարության ընդունած որոշումները անգամ նախագծի տարբերակով դրվում են կայքում, բայց այդ դեպքում «ճանապահային քարտեզը» կամ դրա հետ կապված գործողությունների ծրագիրը հրապարակված չէ: Պարզվում է, որ դրան ծանոթ չէ ոչ միայն հանրությունը, ոչ միայն խորհրդարանը, այլեւ՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը: Կարծում եմ, որ մենք մեր դիրքորոշումները օր առաջ ճշտելու հնարավորություն պետք է ունենանք, ուստի արժի տալ տեղեկատվություն: Ես առաջարկում եմ, եթե մեկ-երկու օրվա ընթացքում այդ փաստաթուղթը չի հրապարակվելու, մենք հանձնաժողովով միջոցներ ձեռնարկենք՝ ունենալու եւ քննարկելու այն»,- նշեց նա եւ հավելեց, թե խնդիրը նրանում է, որ կառավարությունն ընդունել է ոչ գաղտնի որոշում, որը, փաստորեն, հրապարակային էլ չէ.
«Կառավարության որոշումները լինում են փակ եւ հրապարակային: Հիմա այս որոշումը փակ չէ, բայց հրապարակային էլ չէ: Սա է խնդիրը: Եթե գաղտնի է, թող գրեն՝ գաղտնի, իմանանք, որ գաղտնի է, եթե գաղտնի չէ… ես զանգել եմ կառավարություն եւ ինձ ասել են, որ կա խմբագրական բնույթի խնդիր, կհրապարակվի: Բայց իրենց ասած ժամկետով արդեն իսկ չի հրապարակվել»»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում