Այսօր Ազգային ժողովի նիստում պատգամավորներն անդրադառնում էին ՏՄՊՊՀ –ի գործունեությանն ու Հայաստանի մրցակցվային ոլորտի արդի վիճակին:

ՀԱԿ խմբակցության անունից ելույթի իրավունք խնդրեց պատգամավոր Լևոն Զուրաբյանը, ով սկզբից նշեց, որ կապիտալիզմն առանց մրցակցության շատ ավելի վատն է քան կոմունիզմը:

«Եթե հանրայինից անցում է կատարվել մասնավորի, սակայն մրցակցությունը դուրս է եկել, դա աղետների կբերի», -նշեց նա, հավելելով, որ ամեն ինչ կենտրոնացել է մի քանի ընտանիքների ձեռքին, որոնք մենաշնորհում են երկիրը::

«Մի քանի մակաբույծ օլիգարխներ մենաշնորհում են ոլորտները և վնաս հասցնում երկրին», - նշեց նա, միաժամանակ հավելելով, որ Հայաստանը հիվանդ է այդ մակաբույծ օլիգարխների քաղցկեղով:

«Այն ինչ առաջարկում է ՏՄՊՊՀ-ն՝ նույնն է, որ բժիշկը քաղցկեղով հիվանդ մարդուն առաջարկի պառացետամոլ», - համեմատեց պատգամավորը:

Զուրաբյանի խոսքերով, ՏՄՊՊՀ-ն և հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լավ էլ գիտի, թե ով է մենաշնորհում շաքարի, դեղերի շուկան և կեղծում համաշխարհային բրենդները:

«Ի՞նչն է ստիպել ձեր զեկույցներում հանել «Ալեքս-Գրիգ» ընկերությանը վերաբերող փաստերը, հիմա խոշորացույցով նման բաներ չենք գտնի», - եզրափակեց նա, հավելելով, որ այսպես շարունակվելու դեպքում Հայաստանի միակ փրկության ճանապարհը վիրահատությունն է: