Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Եվ այսպես, հասնում եմ դպրոցների դրույքներին, աշխատողներին և ֆինանսավորմանը վերաբերող գրառումաշարիս վերջին մասին:
Ինչպես արդեն նկատեցիք, դպրոցներում շատ ավելի մարդ է աշխատում, քան դրույքների թիվն է, իսկ ընթացող կրճատումների հիմնական մասը վերաբերում է վարչական, ուսումնաօժանդակ ու տնտեսական անձնակազմերին:
Վերջինիս հետ կապված ևս մի ուշագրավ տվյալ հրապարակեմ : 2013 թվականի դրությամբ պետական բյուջեով նախատեսված և ֆինանսավորվող 9 983 դրույքների վրա ձևակերպված էր և աշխատում էր մոտ 18 100 հոգի (!!!), այսինք գրեթե երկու անգամ ավել:
2014 թվականին այս անձնակազմի համար պետական բյուջեն լրացուցիչ 3 000 հաստիք ավելացրեց, ինչի արդյունքում ստացվում է հետևյալը` 18 100-12 747= 5 .353 դրույք, որոնք ենթակա են կրճատման:
Պարտավոր եմ նաև նշել, որ այս թվի մեջ մտած են ինչպես իրականում աշխատող մարդիկ, այնպես էլ , ըստ մամուլի, բազմաթիվ "մեռյալ հոգիներ", որոնք եղել են ընդամենը ձևակերպված:
Ավելացնեմ նաև վարչական անձնակազմի և հաշվապահների հարցը, որոնց ծանրաբեռնվածությունը շատ փոքր դպրոցներում, մեղմ ասած, մեծ չէ: Ու նման դպրոցներում երկու կամ ավել փոխտնօրեն կամ լրիվ դրույքով հաշվապահ պահելու կարիք և հնարավորություն չկա:
Դպրոցներում առկա կադրային հարցը նոր չէ, այն հասունացել է երկար տարիների ընթացքում:
Ճիշտ չէր այդքան արհեստականորեն փքել և մեծացնել հանրակրթական համակարգում աշխատողների թիվը` խորը խզում և անհամապատասխանություն առաջացնելով իրականության և ֆինանսավորման ծավալների միջև:
Գրառումս ցանկանում եմ եզրափակել, ընդգծելով հետևյալը:
Այն տեղերում, որտեղ ընթանում են կրճատումներ, այդ գործընթացը պետք է լինի հնարավորինս հիմնված արդարության և մասնագիտական կարողությունների ու որակների վրա:
Ինչպես համոզվեցիք այս ընթացքում, որոշակի կրճատումներ արդարացված են: Բայց դրանք պետք է լինեն նաև ԱՐԴԱՐ»: