«Չի կարող լինել անարդար որոշում, այլ հարց է, որ որևէ որոշումից մի կողմը կամ մյուս կողմը դժգոհություն ունի»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` խոսելով Բուդաղյանների գործով նախաքննության ընթացքի մասին:
Լրագրողների այն դիտարկմանը, թե իր նշանակումը կապեցին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքերի ու ինչպես որակեցին ոչ արդար նախաքննության ընթացքի հետ, Կոստանյանն արձագանքեց. «Ես անհեթեություններ երբեք չեմ մեկնաբանել»:
Ավելի ուշ անդրադառնալով դատական համակարգում տեղի ունեցող կադրային փոփոխություններին` Գլխավոր դատախազն ասաց, որ նրանք դատական համակարգի ծառայողներ են և ծառայությունը շարունակում են անկախ նրանից, թե ով կլինի գլխավոր դատախազ, ով ՝ ոչ:
«Մենք ընդամենը ապահովում ենք, որ յուրաքանչյուր պաշտոնատար անձ, ով պրոֆեսիոնալիզմ և ազնվության ու արդարության զգացում ունի, զբաղեցնի իր արժանի տեղն այդ համակարգում»: