Այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձավ մարտի մեկի դեպքերին և ՀԱԿ-ի դիրքորոշմանը: Մասնավորապես նախարարը նշեց.

«Ցավում եմ, որ ՀԱԿ կոչվող անհասկանալի ուժը, կուսակցությունը, խմբակցությունը, չենք հասկանում` ինչի մասին է խոսքը, մինչև վերջ, այս 6 տարիների ընթացքում այլ քաղաքական կապիտալ իր համար չի կուտակել, քան այդ ողբերգական դեպքերի ժամանակ մահացած մարդկանց արյունն է ու հիշատակը»:

Ըստ նրա` շատ ցավալի է, որ մի քաղաքական ուժ այլ քաղաքական հիմք ձեռք չբերեց, քան այն, ինչ տեղի ունեցավ 6 տարի առաջ: «Սա քաղաքական սնանկության ամենաակնառու երևույթներից մեկն է»,- նշեց Աշոտյանն ու հավելեց. «Հիշում եմ, թե ինչպես էր ՀԱԿ պարագլուխներից մեկը բանակցում ԲՀԿ-ի ներկայացուցչի հետ և փաստացի սակարկում էր մարտի 1-ը, զոհերի հիշատակը և այդ իրադարձությունները առհասարակ»:

Նա չմասնավորեցրեց, թե ում ի նկատի ունի, այն թողնելով մեզ, սակայն հիշեցնենք, որ բանակցություններ ընթացել են Լևոն Զուրաբյանի և նախկին ԱԳՆ Վարդան Օսկանյանի միջև:

«Ես ողջունում եմ օրինակ Նիկոլի մոտեցումը, որովհետև ինքը ունի նման առիթ նման բան անելու, ինչը օրինակ չունի Լևոն Զուրաբյանը՝ գիշերելու մարտի մեկի ողբերգական հրապարակում կամ Լևոն Տեր-Պետրոսյանը: Պատկերացնում եք, եթե բոլորը այդ գիշերը Լևոնի նման դիմավորեին, մարդն` իր տանը…»,-եզրափակեց ՀՀԿ փոխնախագահը: