Անտեսելով հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման միջազգային հանրության և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բազմաթիվ կոչերը` մասնավորապես` Սոչիում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում հայտարարված ավանդական զինադադարի պահպանման կապակցությամբ, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են կրակոցներ արձակել հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների գործողությունները կամ չեն վերահսկվում հրամանատարության կողմից, կամ` սահմանագծում իրավաճակի ապակայունացմանն ուղղված սադրանք են:
Անցած օրերի ընթացքում ՀՀ և ԼՂՀ սահմանի տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը բազմաթիվ անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Հրադադարի ռեժիմի խախտման անկանոն բնույթի կրակոցներ են արձանագրվել հիմնականում ԼՂՀ հատվածում: Թեև նախորդ օրերի համեմատությամբ հրադադարի ռեժիմի խախտման պարբերականությունը նվազել է, սակայն փետրվարի 9-ին արձանագրվել է հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդ կողմից արձակված 58 կրակոց, որոնցից 54-ը` ՊԲ առաջապահ ստորաբաժանումների ուղղությամբ, փետրվարի 10-ին արձանագրվել է հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդ կողմից արձակված 66 կրակոց, որոնցից 62-ը` ՊԲ առաջապահ ստորաբաժանումների ուղղությամբ, փետրվարի 11-ին արձանագրվել է հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդ կողմից արձակված 53 կրակոց, որոնցից 50-ը` ՊԲ առաջապահ ստորաբաժանումների ուղղությամբ, փետրվարի 12-ին արձանագրվել է հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդ կողմից արձակված 61 կրակոց, որոնցից 59-ը` ՊԲ առաջապահ ստորաբաժանումների ուղղությամբ: Կրակոցների 10 տոկոսը եղել է խոշոր տրամաչափի գնդացիրներով և դիպուկահարներով: Հայ դիրքապահները զերծ են մնացել պատասխան գործողություններից և ոչ մի կրակոց չեն արձակել:
ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների կդիմեն միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:
Ինչ վերաբերվում է ադրբեջանական քարոզչամեքենայի ջանքերով պարբերաբար հնչեցվող տեղեկություններին, թե իբր հայկական կողմը խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը սահմանագծի տարբեր հատվածներում, ապա նման լուրերն ընդամենն ապատեղեկատվության միջոցով միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին ապակողնորոշելու ճղճիմ փորձեր են: