«Ժամանակ» թերթը գրում է.
«Ազգային ժողովը 2013թ. միայն հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին պատվիրակությունների հյուրասիրության համար ծախսել է մոտ 11 միլիոն 546 հազար դրամ կամ մոտ 28 հազար 200 դոլար:
ԱԺ-ի կնքած պայմանագրերի համաձայն` այդ հյուրասիրությունները շատ հաճախ կազմակերպվում են Հրազդանի կիրճում գտնվող «Ֆլորենս» ռեստորանային համալիրում, որը, հիշեցնենք, պատկանում է «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրեն եւ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Իսկ այդ ռեստորանում հյուրասիրությունների կամ ծառայությունների գները գրեթե ամենաթանկն են այս ոլորտում: Եվ ԱԺ-ն, փաստորեն, հենց նման օբյեկտներում է իր պատվիրակության համար ճոխ հյուրասիրություններ կազմակերպում:
Նույն ժամանակաընթացքում ԱԺ-ն ներկայացուցչական ծախսերի տողով նույնպես հյուրասիրություններ է կազմակերպել այլ օբյեկտներում, եւ դրանց գումարը ներառված չէ վերը նշված թվի մեջ:
Կառավարության կայքում բյուջետային ծախսերի բաժինն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ ընդհանրապես ՀՀ պաշտոնյաները կամ գերատեսչությունների ղեկավարներն իրենց հյուրերին «պատիվ են տալիս» Երեւանի հայտնի եւ շատ թանկարժեք այնպիսի ռեստորաններում, ինչպիսիք են «Դոլմաման», նույն «Ֆլորենսը», «Նոյան տապանը» եւ այլն:
Իրենց հյուրերի համար երբեմն «Դոլմամայում» են հյուրասիրություններ կազմակերպում նաեւ նախագահականն ու Արտաքին գործերի նախարարությունը: Այդ ռեստորանում են հյուրասիրել, օրինակ, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին կամ Անգլիայի արքայազն Չարլզին: Մեր նախագահներն այնտեղ են պատիվ տվել Հայաստան այցելած Ֆրանսիայի բոլոր նախկին նախագահներին՝ Ժակ Շիրակին, Նիկոլա Սարկոզիին: Հավանաբար գարնանն այնտեղ կհյուրասիրեն նաեւ Ֆրանսուա Օլանդին»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: