ԵԿՄ համագումարում ներկաներին ՀՀ զինված ուժերի ու իր անունից ողջունեց ՊՆ Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ ներկաները իր մարտական ընկերներն են, արհավիրքի ժամանակ ինքնաբուխ մղումով նետվել են սահմաններ ու պաշտպանել հայրենիքի սահմանները ու վաստակել երկրապահի բարձր կոչումը:
«Երկրապահը կանգնեց հայրենիքի բարձր դիրքերում ու սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ կատարեց իր դժվարին առաքելությունը: Առաջինը երկրապահն էր, որ կանգնեց բանակի ստեղծման հիմքում ու գնաց դեպի հաղթանակ: Բանակի ու ԵԿՄ-ի խնդիրն է անվտանգություն ապահովել ու այս գործում նրանք փոխլրացնում են միմյանց»,- շեշտեց Օհանյանը:
Նա նշեց, որ ԵԿՄ 10-րդ համագումարը կայանում է անհանգիստ ժամանակներում, երբ թշնամին չի կարողանում զսպել իր ֆաշիստական նկրտումները: Նախարարը հիշեցրեց, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Արմեն Հովհաննիսյանն ու իր ընկերները հերոսաբար հետ մղեցին հակառակորդի դիվերսիոն գործողությունները:
«Թշնամին ամեն անգամ ջախջախվում է, ետ է շպրտվում եւ անիմաստ լարվածություն է ստեղծում շփման գծում»,-իր խոսքում նշեց Սեյրան Օհանյանը:
Նախարարը ընդգծեց, որ այս օրերին, երբ Օլիմպիական հրադադարը պետք է որ պահպանվեր, թշնամին կրկին լարվածություն է ստեղծում: