Արդեն հայտնել էինք, որ այսօր տեղի ունեցավ ԲՀԿ 7-րդ համագումարը, որտեղ իր ելույթում Գագիկ Ծառուկյանը մասնավորապես ասել է.

«Բարգավաճ Հայաստանի» համար հայրենիքը սկսվում է ամենահեռու սահմանամերձ գյուղից, ու իսկական հայրենասիրությունը այդ գյուղը պահելն է:

Մենք գիտենք, որ վերջին շրջանում երկրից հեռանում են լավագույն մասնագետները. եթե պետությունը չի կարողանում իր լավագույն մասնագետներին պահել, ուրեմն երկրի կառավարման գործում կան էական բացթողումներ:

Հայաստանում օտարերկրյա ներդրումները նվազել են ավելի քան 40 տոկոսով: Սա նշանակում է, որ կապիտալը խուսափում է մեր երկրից, կապիտալը գնում է այլ երկրներ՝ նպաստելով ուրիշ պետությունների ու ժողովուրդների բարօրությանը: Շատ բնակավայրերում գյուղացիները կոպեկների դիմաց բանկերում գրավ են դրել իրենց տներն ու հողերը ու հիմա կանգնած են վերջին ունեցվածքի կորստի առաջ: Դրանից հետո ո՞վ է մշակելու մեր հողերը, ո՞վ է պահելու մեր գյուղերը, ո՞վ է պահելու մեր սահմանները:

Մենք ունենք զգալի կորուստներ տեղական արտադրության մեջ: Կան ճյուղեր, որտեղ ընդամենը մի քանի տարի առաջ մենք բավարարում էինք մեր երկրի պահանջները, և մտածում արտահանելու մասին, իսկ այսօր դարձել ենք ներմուծողներ:

«Բարգավաճ Հայաստանը» սկզբունքորեն մերժում է այս միտումը, մեր սկզբունքային մոտեցումն է` ամեն կերպ սատարել ու օգնել տեղական արտադրողին. միայն սա կարող է բերել զարգացման, նոր աշխատատեղերի բացման ու աշխատավարձերի բարձրացման:

Առ այսօր հնարավոր չի լինում գտնել տնտեսության վերակենդանացման և զարգացման մի այնպիսի բանալի, ինչպիսին, օրինակ, շինարարությունն էր 2000-2007 թվականներին: Շինարարությունն այդ տարիներին բառիս բուն իմաստով իր հետևից քաշում էր արդյունաբերության և ծառայությունների տարբեր ոլորտներ՝ շինանյութերի, տրանսպորտի, երկաթբետոնե կոնստրուկցիաների, սալիկների, Ճարտարապետության և այլն: Հարյուր հազարավոր մարդիկ ներգրավված էին այդ ոլորտներում: Ունեին աշխատանք, չէին մտածում արտագաղթելու մասին:

Մարդն իր կենսամակարդակի բարելավումը պետք է իր աչքերով տեսնի, զգա փոփոխություններն իր ընտանիքում և իր շրջապատում: Ոչ մի գունավոր գրաֆիկներով մարդուն այսօր չես մոլորեցնի:

Հանրապետությունում իրականացվող տնտեսական և սոցիալական անպտուղ քաղաքականության պարզ օրինակ է կենսաթոշակային, այսպես կոչված, ռեֆորմը: Սրանից ավելի անմարդկային և անարդյունավետ քայլ ես չեմ էլ պատկերացնում այնպիսի մի երկրում, որտեղ պաշտոնապես յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է:

Շուրջ 250.000 մարդ ամսական վաստակում է մինչև 120.000 դրամ, իսկ դա նշանակում է, որ կուտակայինի 5-6.000 դրամը, այսինքն` զուտ հացի փողը, մարդկանցից տանում են: Իսկ ո՞վ է այդ դեպքում տալու երաշխիքներ այդ կուտակային ֆոնդերի համար, այն էլ` 25-30 տարի հետո: Ենթադրենք՝ մի քանի տարի հետո նոր համաշխարհային ճգնաժամ է գալիս և ավերում է այդ ֆոնդերը, որտեղ կուտակված կլինեն մեր քաղաքացիներից պարտադրանքով գանձված գումարները: Ո՞վ է դրա համար պատասխան տալու: Ժամանակն է կանգ առնել:

Ես կարող եմ դեռ երկար շարունակել թվարկել մեր պետության առաջ կանգնած ծանր խնդիրների ցանկը ու մեր կուսակցության մոտեցումները:

Ես ուզում եմ, սակայն, շեշտել մի կարևոր միտք․ որքան էլ դժվար ու բարդ լինեն խնդիրները, մենք վստահ ենք, որ դրանք բոլորն էլ լուծելի են: Այդ վստահությունը մեզնից պետք է փոխանցվի ողջ ժողովրդին: