Դա իրենց մտքի փայլատակումն է, երբևէ չեմ հետաքրքրվել ու չեմ փորձել իրենց գործերի կամ մտքի թռիչքների մեջ գտնել ինչ-որ տրամաբանություն կամ խնդիր:

YerevanNews.am-ի հետ զրույցի ընթացքում այսպես մեկնաբանեց ԱԺ ոչ իշխանական ուժերի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու մտքից հրաժարվելը, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

Հիշեցնենք, որ ոչ իշխանական ուժերը հայտարարել էին, թե առաջիկա քառօրյայում հնարավոր է անվստահություն հայտնեն կառավարությանը, սակայն օրեր առաջ նրանք հայտարարեցին, թե հրաժարվում են այդ մտքից և հավելեցին, որ դեռ պարզ չէ, թե երբ կանեն դա: Նրանք դա բացատրեցին, թե ավելի կարևոր հարցեր կան:Սրան ի պատասխան, իշխանական պատգամավորը նշեց. 

«Ես կարծում եմ, որ եթե կառավարության հրաժարականն իրենց համար այդքան էլ կարևոր չէ ու հետագայում դա չեն մոռանա, ապա կխոսենք ավելի կարևոր փաստերի մասին», - նշեց նա , հավելելով, թե այսօրվա ԱԺ-ի օրակարգն արհեստականորեն ինչ-որ հարցերով են լցված:

Անդրադառնալով մարտի 1-ի հարցերով հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի նախաձեռնությանը, նա նշեց.

«Ես ընդամենը մի միտք կասեմ, ցավում եմ, որ մարտի մեկը դեռևս մեր ընդդիմադիրների օրակարգի համար մեկ հարցն է և այլ լուրջ հարցադրում չունեն և մարտի մեկով նորից փորձում են վերակենդանանալ: Չեմ կարծում, որ դա բարոյական է և ճիշտ»:

Պատասխանելով այն հարցին, թե այդ դեպքում, որը պետք է լինի համար մեկ հարցը, նա նշեց արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքը: Իսկ անդրադառնալով արդեն գազի հանձնաժողով ստեղծելու կոալիցիայի նախաձեռնությանը, նա պարզաբանեց, թե իրենք տեսան խնդիր:

«Եթե դա կա և դա իրատեսական է, մենք գնում ենք ընդառաջ, հանձնաժողովը ստեղծում ենք, կան բազմաթիվ նմանատիպ հարցեր», - նշեց նա: