Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ես եկել եմ այսօր այստեղ որ նայեմ ձեր աչքերին: Ձեր յուրաքանչյուրիդ աչքերի մեջ: Դուք հերոսներ եք: Դուք եք Ուրկրաինայի գեղեցկությունն ու փառքը... Հարազատներս, երբ եկա Կիեւ` չէի ճանաչել Կիևը: Շուրջբոլորը` այրված մեքենաներ, բարիկադներ, պսակներ...Սակայն հենց սա է Ուկրաինան` ազատ մարդկանց Ուկրաինան: Դուք եք նվիրել մեզ Ուկրաինան` յուրաքանչյուրիս, ով ապրում է այսօր եւ ով կապրի վաղը... Մարդիկ, ով կանգնել ու զոհվել են Մայդանում` մեր հերոսներն են, մեր ազատագրողները: (արտասվում է)

Առաջինը, ինչ ուզում էի անել Կիեւ գալուց հետո` գալ Գրուշեվսկու փողոց եւ դիպչել բարիկադներին, շոշափել այն քարերը, որոնցից պատ էին սարքում մեր տղաներն ու աղջիկները, ովքեր պատրաստ էին իրենց կյանքը տալ ու տալիս էին հանուն Ուկրաինայի: Սա սուրբ տեղ է, սրբավայր, որը վաղը ուժ է տալու մեզ բոլորիս ապրելու եւ պայքարելու: Երբ առաջին անգամ եկա Մայդան` տեսա զոհվածների հուղարկավորությունը: Բայց ուզում եմ ձեզ ասել, որ հերոսները չեն մանանում, նրանք մնում են մեզ հետ... Նրանք լինելու են մեզ հետ ամեն գործում, ամեն մեր ապրած օրում, այն ողջ ճշմարտությամբ ու անկեղծությամբ, որն իրենք թողել են մեզ... Հերոսները չեն զոհվում! (հրապարակը վանկարկում է` “Հերոսները չեն զոհվում”)
Այն կրակոցները, որ դիպուկահարներն էին արձակում մեր տղաների սրտների մեջ, դիպան մեզնից ամենքին եւ այդ վերքերը բոլորիս սրտներում կմնան հավերժ: Ու քանի դեռ այս հրամաններն արձակողներն ու կատարողները չպատժվեն ամենախիստ ձեւով` չկա մեզ հանգիստ ու ներոմ: Եթե մենք մոռանանք ու անտեսենք գոնե մեկին, ով կրակել էր մեր հերոսների սրտներին` հավերժ ամոթ մեզ... (հրապարակը վանկարկում է “Յու-լյա”)

Ուզում եմ, որ իմանաք` ամեն վայրկյան, երբ դուք կանգնած էիք բարիկադներում, ամեն րոպե, երբ հերոսները ընկնում էին կրակոցների տակ, ես չէի կարող ինձ ներել, որ ձեզ հետ չեմ, որ ես չկարողացա մնալ ձեր շարքերում եւ խաղաղ ճանապարհով հասնել նույն այս արդյունքին... Բայց տղաներն ընկան... Նրանք ընկան հանուն նրա, որ մենք այսօր մեկ ընդ միշտ վերջ դնենք բռնապետությանը...ՈՒ եթե երբեւիցե որեւե պաշտոնյա, որեւէ քաղաքական գործիչ մտածի միայն ձեզ խաբելու մասին` թող այս տղաները պատվով կանգնեն նրանց աչքի առաջ... Եւ իմացեք` ձեզնից ոչ ոք իրավունք չունի այսօր նահանջել Մայդանից, քանի դեռ մենք չենք ավարտել միասին այն, ինչ դուք սկսեցիք... Դուք եք միակ երաշխիքը, դուք եք այն ուժը, որն ապահովում է հաղթանակը: (հրապարակը վանկարկում է “Ուկրաինա”)

Եթե ձեզ մեկնումեկն ասի, որ դուք ձեր գործն արդեն արել եք ու կարող եք տուն գնալ, իսկ ձեր փոխարեն մյուսները կանեն ձեր աշխատանքը սիրուն ու ճիշտ` չհավատաք երբեք նման ստի...
Մինչեւ դուք չկատարեք այս ողջ աշխատանքը, մինչեւ չավարտեք այս ամբողջ գործը` չհեռանաք: Սա ձեր գործն է` ոչ մի քաղաքական գործիչ, ոչ մի դիվանագետ, ոչ էլ արտաքին աշխարհը ի վիճակի չէին անել այն, ինչ դուք եք արել... Ու քանի դեռ Ուկրաինայում դեռ մնում է ու չի վերացել այս քաղցքեղն, այս ուռուցքը, որը քայքայում էր մեր երկիրը, ոչ ոք իրավունք չունի դասեր ու քարոզներ կարդալ այս ազգին, այս տղաներին, որոնք փայտե վահաններով գնում էին գնդացիրների կրակոցների դեմ, իմանալով, որ զոհվելու են, բայց չեն ապրելու ծնկի եկած...
Ոչ ոք այլեւս չի կարողանա կողոպտել ձեզ, պալատներ ու դղյակներ սարքել ձեզնից գողացած կոպեկներով, որ դուք հավաքում էիք երեխաներին ու ընտանիքներին պահելու համար` դուք դա այլեւս թույլ չեք տալու:
Ձեր ուժն անհաղթելի է: Երբ ես տեսա, թե ինչպես կրակոցից ընկավ մեր առաջին հերոսը, իսկ փախչող մարդիկ կանգ առան ու վերադարձան կրակի տակ, որ չթողնեն այնտեղ իրենց եղբոր մարմինը, ես լացում էի ու աղոթում մեր երկրի ու հողի համար, ես շնորհակալ էի, որ ես էլ ձեր մասնիկն եմ ու հպարտ եմ դրա համար... Երբ տեսնում էի, թե ինչպես մեր բժիշկները կրակի մեջ, մահակների ու գնակների տակ փրկում էին վիրավոր մարդկանց, ես մտածում էի, որ չկա ավելի մեծ երջանկություն, քան ապրել ձեր մեջ, ձեզ հետ միասին, քանզի ձեզնից լավը չկա... Ու մենք պետք է երդվենք, որ չենք հանգստանա ու չենք դադարեցնի մեր պայքարը, մինչեւ որ այստեղ , Մայդան չբերենք Յանուկովիչին ու նրա բոլոր տականքներին` պատասխան պահանջելու համար...» (թարգմանել եմ ուկրաիներենի իմ համեստ իմացության չափով` Տ.Խ.):