ԱԺ նիստի ընթացքուն ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադարձավ խորհրդարանում տեսախցիկներ տեղադրելու հարցին, խնդրելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին պարզաբանել պատճառները:

«Մի շաբաթից ավել է՝ լարեր են անցկացվում, տեսախցիկներ են դրվում և տոտալ վերահսկողության սարքեր են դրվում», - նշեց նա, խնդրելով պարզաբանելով թե դա ի՞նչ ֆունկցիա է իրականացնելու:

«Թե ու՞մ հետ ենք խոսում, ինչքա՞ն ենք խոսում: Դա մեզ խնդիր չէ, մենք ինչ ասում ենք սենյակներում, այստեղ ենք ասում, սա երևի ձեր պատգամավորների համար է: Ավելորդ փողեր մի ծախսեք, ժուչոկը ինձ տվեք, ես կասեմ թե ուր եմ գնում ինչ եմ ասում», - նշեց նա:

Ի պատասխան Հովիկ Աբրահամյանը նախ նշեց, որ սա անվտանգության խնդիր է և դրա անհրաժեշտությունն իրականում չկա:

«Ձեր ժամանակ եղել է թե չէ, չգիտեմ, չեմ ուզում մեղք վերցնեմ: Որպես ԱԺ նախագահ ես չունեմ ցանկություն լսել ուրիշներին և հորդորում եմ նման բան չանել: Սա անվտանգության խնդիր է, դուք ինքներդ էլ գիտեք, թե այստեղ ժամանակին ինչ է կատարվել: Մենք ավելորդ փողեր իսկապես չունենք», - պարզաբանեց նա: