Խորհրդարանում գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը նշեց, որ հանձնաժողովի նախագահն ու անդամների մեծամասնությունը պետք է ընդդիմության ներկայացուցիչներ լինեն:

«Պաշտոնապես 10 հոգի եք առաջարկում, չէ՞, այդ 10-ից երեքն են ընդդիմություն: Իմ ասածը ոչ մեկի դեմ չի ուղղված, մենք շատ լավ համագործակցում ենք մեր գործընկերների հետ, և շատ լավ է, որ խմբակցություններից մեկը կարող է բովանդակորեն ընդդիմություն հանդես գալ, ձևականորեն՝ ոչ: Շատ լավ է, դա մեր օգտին է»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը Հրանտ Բագրատյանին պատասխանեց, որ ժամանակավոր հանձնաժողովի կազմի ձևավորման պարտադիր կարգ չկա աշխարհում, դա կախված է քաղաքական ձևավորված մշակույթից:

«Դուք ասացիք, որ ընդամենը երեք անդամ են ընդդիմությունը ներկայացնում: Հետո խոսեցիք Բարգավաճ Հայաստանի մասին՝ ասելով, որ պետք է ընդդիմության թիվը շատացնենք, ես մեջբերեմ ձեր խոսքը՝ որովհետև դա մեր օգտին է»,- նշեց նա:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ այս հանձնաժողովի ստեղծման հարցում «իմ ու ձեր» օգուտի մասին խոսք չպետք է լինի:

«Հենց որ մենք խոսում ենք օգուտի մասին այս հանձնաժողովում, մենք իսկապես հայտնվելու ենք այլ դաշտում: Մեր խնդիրն ընդհանուր է այստեղ, և մեր օգուտն ընդհանուր է»,- նշեց Դավիթ Հարությունյանը: