Այսօր խորհրդարանում մարտի մեկի հարցով հանձնաժողով ստեղծելու հարցն է քննարկվում: ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը նախ բոլորին կոչ արեց մեկ նրոպե լռությամբ հարգել մարտի մեկի զոհերի հիշատակը, իսկ մի քանի րոպե անց հայտարարեց, թե դեմ է քվեարկելու նախագծին: Այս երկու իրարամերժ արարքներին արդեն լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքերով, նման բաներ առաջին անգամ է դիտվում և դա շատ գովելի է:

«Մյուս կողմից, այդ նույն մարդիկ տաս վայրկյան հետո անարգեցին զոհերի հիշատակը, հայտարարելով թե չեն ընդունելու այս հանձնաժողովը: Ստացվում է, որ ավելի վատ անարգանք չի կարելի պատկերացնել», - նշեց նա, հավելելով, որ մենք կրկին գործ ունենք անձի երկատվության խնդրի հետ:

«Իմ դիագնոզը շատ ճիշտ է տրված: Սակայն գովելի է, որ գոնե հանրապետականները խելքի են գալիս իրենց անձի կեսով: Ընդհանուր թերապևտիկ իրավիճակը լավ ուղղությամբ է գնում», - նշեց նա:

Լրագրողները փորձում էին նաև Զուրաբյանի տեսակետն իմանալ Մարգարիտ Եսայանի և Գագիկ Ջհանգիրյանի քիչ առաջ տեղի ունեցած փոքրիկ երկխոսության մասին, սակայն պատգամավորն ամեն կերպ խուսափում էր այդ հարցից:

«Չեք խոսում էլի Մարգարիտ Եսայանի մասին», - այսպես արձագանքեց լրագրողներից մեկը, ինչին ի պատասխան, Զուրաբյանը նշեց.

«Իրենց մոտ ամեն ինչ կատարվում է հոգեբանական ոլորտում: Մենք էլ պետք է դրսևորենք հանդուրժող վերաբերմունք հոգեբանական տվայտանքների նկատմամբ»: