ՀՅԴ խմբակցության համար ընդունելի չեն ՀՀԿ-ի բացատրություններն այն մասին, թե ինչու այս փուլում չեն ուզում «Նաիրիտի» հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Այս մասին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց լրագրողների հետ զրույցի ընթացքում:

«Հանրապետականները գտնում են, որ այս շրջանում, երբ որ բանակցութուններ են գնում Ռուսաստանի Ռոսնեֆտ ընկերության հետ, հանձնաժողովը կխանգարի այս ընթացքը: Բայց դա բացարձակ կապ չունի որևէ բանի հետ, ընդհակառակը, ես կարծում եմ, որ եթե հետաքրքրվող խոշոր ընկերություններ կան, նրանց համար ևս կարևոր կլինի իրավականորեն հասկանալ, թե նախկինում ինչ պատմություններ են կապված եղել Նաիրիտի հետ: Ակնհայտ է, որ Նաիրիտի հետ կապված, մութ բառը չասեմ, բայց բազմաթիվ պատմություններ կան՝ վարկերի, օֆշորային ընկերությունների հետ կապված, և այս հարցերն իրենց պատասխանները պետք է ստանան: Այնքան ակնհայտ խնդիրներ կան այստեղ, որ առանց ուսումնասիրելու, վերլուծելու, առանց հասկանալու հնարավոր չէ Նաիրիտի ճակատագիրը որոշել»,- ասաց նա:

Նա նշեց, որ եթե առաջիկայում ԱԺ ժամանակավոր հանձնաժողով չստեղծվի, հրապարակային լսումներ անպայման պետք է անցկացվեն՝ հրավիրելով մարդկանց, ովքեր լավատեղյակ են խնդրին:

Հիշեցնենք, որ կոալիցիան մերժեց ՀՅԴ-ի՝ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը: