Այսօր Կառավարությունում ՀՀ գլխավոր դատախազը պատասխանում էր լրագրողների մի քանի հարցերին, որոնցից մեկը վերաբերում էր նաև քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր սպանությանը: Մասնավորապես լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչ ընթացքի մեջ է Մովսես Ներսիսյանի դիակի որոնողական աշխատանքները:

«Որոնողական աշխատանքները շարունակվում են»,-նշեց նա

Այն դիտարկմանը, թե փրկարար ծառայությունը հաստատել է, որ փետրվարի 21-ից հետո որոնողական աշխատանքներ չեն իրականացվել, դատախազը պատասխանեց.

«Միայն փրկարար ծառայության միջոցներով չեն իրականացվում որոնողական աշխատանքները, այլ ծառայություներ ևս ներգրավված են»: Այլ մանրամասներ դատախազը չներկայացրեց:

Հիշեցնենք` Հունվարի 27-ին Երևանում սպանվել էր թաղային հեղինակություն համարվող Թևոսիկի եղբայրը՝ Արթուր Սաֆարյանը: Ոստիկանությունը հայտարարել էր, որ սպանությունը կատարել է Մովսես Ներսիսյանը` Իսրայել Սարգսյանի պատվերով: