Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկման ելույթ ունեցավ ժամանակ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյան, ով հայտարարեց, թե քանի դեռ խորհրդարանում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է մեծամասնություն՝ բացառված է, որ Մարտի մեկի որևէ հանձնաժողով որևէ կերպ նպաստի սպանությունների բացահայտմանը:

«Հարցեր տայիք Ռոբերտ Քոչարյանին, ով հեռուստատեսությամբ հայտարարում էր, թե ընդդիմադիրները զորքով կրակում են մարդկանց թիկունքից, սպանում են ոստիկաններին ու սա ասվեց բացահայտ, բայց գեթ մեկ հոգի չդատապարտվեց զենք ունենալու համար, էլ չեմ ասում կրակելու համար: Բա մի հատ հարցնեիք՝ ա՛յ, պարոն նախագահ, էդ ի՞նչ ես պատմում: Արտաքին գործերի նախարար կար, որ նույնը տարածեց անգլերենով, սաղ աշխարհին բացատրեցիք, որ ընդդիմադիրները հարձակվել են զենքով: Բա մի հատ հարցնեիք ... Էդ հարցերը չե՞ք տվել, հիմա», - նշեց նա

Շարունակելով իր խոսքը՝ Ալեքսանդր Արզումանյանը շեշտեց, թե այսօր խորհրդարանում բացի Ժառանգությունից ու ՀԱԿ-ից բոլորը «Մարտի 1-ի» կոծկման մասնակից են:

Այստեղ տեղից միջամտեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ բղավելով, թե պետք չէ բոլորին մեղավոր ճանաչել:

Պատգամավորը կրկնեց, թե «Մարտի 1–ի» ողջ իրողությունը, բոլոր հանգամանքները կբացահայտվեն միայն այն դեպքում, երբ ՀՀԿ-ն հեռանա իշխանությունից: «Երբ ուզում է դա լինի, քավ լիցի, կպահեք, ձեր շնորհքն է, չեք պահի՝ կգնաք բանտ: Սա անիմաստ քննարկում է, չեմ հասկանում մոտիվացիան: Վաղը մնում է Մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը ցույց տանի՝ գա ու պահանջի իրողություն: Բոլորը գիտեն, թե ինչ է կատարվել «Մարտի 1-ին», հիմա եկել եք, դուք ստեղ չորս անգամ օրենք եք փոխել, որ կարողանաք դատել մեզ, մոռացե՞լ եք, հո լուսնից չե՞նք իջել, գիտենք,- նշեց նա։

Վերջում Ալեքսանդր Արզումանյանն ասաց, թե արդարությունը հաղթելու է, եթե ոչ այս, ապա մյուս ընտրական փուլում: