Այսօր հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին անգամ նշեց դեռևս հոկտեմբերին արտահայտած մտքերը՝ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի մասին: Մասնավորապես ՀՀ առաջին նախագահ Պետրոսյանը նշեց.

«Սերժ Սարգսյանը ստեղծել է պետական կառավարման մի այնպիսի իդեալական համակարգ, որը լիովին ծառայում է սեփական բարգավաճման և իշխանության պահպանման նպատակին։ Նա հիմար չէ, որ կտրի այն ճյուղը, որի վրա նստած է։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ Սերժ Սարգսյանը չի կարող որևէ դրական քայլ կատարել։ Եւ ընդհանրապես, նա այլևս ճիշտ քայլ չունի։ Շախմատային լեզվով արտահայտված, Սարգսյանը հայտնվել է ցուգցվանգի մեջ, երբ ցանկացած քայլ տանում է դեպի անխուսափելի պարտություն։ Նրա իշխանավարության յուրաքանչյուր օր կորուստ է Հայաստանի և Արցախի համար՝ ընդ որում թե՛ ժողովրդագրական, թե՛ տնտեսական, թե՛ նյութական, թե՛ քաղաքական և թե՛ բարոյա-հոգեբանական առումներով։ Ցուգցվանգի մեջ հայտնված պարկեշտ շախմատիստը պարզապես հանձնվում է, իսկ անպարկեշտը խաղատախտակը տալիս է մրցակցի գլխին։ Սերժ Սարգսյանն, ահա, կանգնած է այսպիսի երկընտրանքի առջև՝ այն է, կա՛մ պիտի արժանապատվորեն հանձնվի, կա՛մ էլ փորձանք բերի հայ ժողովրդի գլխին։ Հետևաբար, իսկապես ժամանակն է, որ նա խոհեմություն դրսևորի և հրաժարական տա:

Նա իր խոսքում մեջբերեց նաև ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի՝ վերջին բոլշևիկ բնորոշումը՝ նշելով. «Փառապանծ գեներալի հանճարեղ բնորոշմամբ վերջին բոլշևիկը պետք է հեռանա»:

Տեր Պետրոսյանի խոսքերով, ստեղծված խնդիրների լուծման հիմնական քայլլն արտահերթ նախագահական ընտրություններն են, սակայն սկզբից պետք է պահանջել կառավարության հրաժարականը:

«Մենք պատրաստ ենք պահանջել դա, սակայն հայտարարում եմ, որ մենք չենք համաձայնվի Սերժ Սարգսյանի կազմավորած կառավարությանկազմում լինել և կապ չունի թե ինչ պաշտոն մեզ կառաջարկվի: Քաղաքականությունը պատվերով համերգ չէ, որտեղ մեկը պատվիրում, մյուսը երգում է», - նշեց նա: