ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ խոսելով ԲՀԿ համագումարի և Գագիկ Ծառուկյանի ելույթի մասին, ասաց, որ հեղափոխության առումով սիմտոմատիկ պետք է համարել ԲՀԿ համագումարի ընթացքում, Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցրած պատգամները:
«Թերահավատության արձագանքներից ելնելով մի անգամից ուզում եմ հակադարձել ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլիից, ում հաջողվեց փափուկ իշխանափոխություն իրականացնել»,-իր խոսքում ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նրա խոսքերով՝ իշխանական ուժերը հայտնվել են քաղաքական մեկուսացման մեջ:
«Առանց խանդի ցանկանում եմ հայտարարել, որ եթե վերջին մի քանի տարիներին քաղաքական օրակարգը ձևավորում էր ՀԱԿ-ը, ապա հիմա ձևավորում է ԱԺ-ի ոչ իշխանական ուժերի հրաշալի քառյակը: Հասկանալի է, որ ՄՄ Հայաստանի անդամակցությունն այլևս անշրջելի է, ինչ կուզեք արեք, սա այլևս անշրջելի է, իսկ Եվրոիտեգրումը տեսանելի պարագայում՝ անհեռանկարային: Արդյո՞ք Սերժ Սարգսյանի գլխավորած ռեժիմն այն իշխանությունն է, որը կարող է դժվարին առաքելություն իրականացնել: Եթե այստեղ գտնվի մեկը, ով կարողանա պատասխանել այո, ես մի փոքր կզարմանամ: Դրա համար սարգսյաններին պակասում է ազգային շահի գիտակցումը: Դա ունեցողն այդպես վատ չէր վարվի, չէր դատարկի Արցախը»,-ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նրա խոսքերով՝ հաջորդ հանրահավաքը շատ չի ուշանա և տեղի կունենա այն ժամանակ, երբ չորս ոչ իշխանական ուժերն ԱԺ-ից կբարձրացնեն կառավարության հրաժարականի հարցը: