Սյունիքի, Տավուշի, Արարատի մարզի հովիտներում ծիրանի ու սալորենու ծառերն արդեն բողբոջել են, սակայն ցրտահարության մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ ծառերի բողբոջելը կապված է հարավային տաք հոսանքների ներթափանցման հետ, ինչի պատճառով էլ ողջ փետրվարը տաք է եղել: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց Արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Այնուամենայնիվ, եթե ծառերը շուտ են բողբոջում, ապա ցրտահարության վտանգ կա: Մենք դեռ չենք կարող կանխատեսել կլինի ցրտահարություն թե՝ ոչ, դա հավանաբար, կդիտվի ապրիլի առաջին տասնօրյակում»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ մարտին ջերմաստիճանը 1-2 աստիճան բարձ կլինի նորմայից, տեղումներն էլ շատ կլինեն:
«Իսկ մինչ այդ այս շաբաթ ամպամածություն է դիտվելու, կլինի նաև անձրև: Գարունն արդեն սկսվել է փետրվարի տասնհինգից սկսած, և ոչ թե տաք, այլ էքստրեմալ տաք գարուն է սպասվում»,- ավելացրեց նա:
Ինչ վերաբերում է կարկտահարության կանխատեսումներին, Գագիկ Սուրենյանը նշեց, որ չի եղել մի տարի, որ ՀՀ տարածքում կարկուտ չլինի։ Ըստ նրա՝ ամենաշատը Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում է լինում կարկտահարություն, իսկ ամենախոշոր կարկուտը գրանցվում է հուլիսին և օգոստոսին:


