Աժ այսօրվա նիստում քվեարկության դրվեց Մարտի 1-ի դեպքերը քննող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:
Իր ելույթում ԱԺ ԲՀկ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկում հանձնաժողով ստեղծելու նախագծին:
«ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու, կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, ում համար կարևոր է Մարտի 1-ի դեպքերը բացահայտելուն, քվեարկել կողմ: Մենք բաց ենք ցանկացած հարց քվեարկելու համար, ովքեր վախենալու բան չունեն, թող կողմ քվեարկեն»,- ասաց նա:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վարման կարգի վերաբերյալ իր ելույթում ասաց, որ իրենք դեմ են քվեարկելու Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի նախաձեռնությանը:
«Կարծում եմ ամենաշատը մենք ենք այս խնդրին լուրջ վերաբերվում և նրանք, ովքեր մտածում են կկարողանան շոուներ ստեղծել, մեք համար այդ ճանապարհներն ընդունելի չեն: Մենք եկել ենք այն եզրակացության, որ այս պահին նպատակահարմար չենք գտնում ստեղծել նման հանձնաժողով»,-իր խոսքում ասաց Գալուստ Սահակյանը:
ՀԱԿ պատգամավոր գագիկ Ջհանգիրյանն արձագանքելով Գալուստ Սահակյանին ասաց.
«Բնականաբար շոուի նպատակ` համենայնդեպս ներկայացնողը ես եմ եղել, չեմ հետապնդել: Ցավում եմ, որ որևէ բովանդակային առաջարկություն չհնչեց, բոլորը կողմ են, որ Մարտի 1-ը բացահայտվի, մարդասպանները պատժվեն, բայց ոչ ոք ոչինչ չի անում: Ի վերջո մենք էլ ենք պատասխանատվություն կրում իրադարձությունների համար, կոչ եմ անում բոլորին կողմ քվեարկել»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ իր հերթին ասաց. «Փորձում եմ հասկանամ ինչու չեք քվեարկում, շատ բաներ չեմ ասում, որովհետև միկրաֆոնը թույլ չի տալիս, հիմա որն է խնդիրը՝ բացահայտել, թե ասել շոու է»: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ռուբեն Հակոբյանին թույլ չտվեց շարունակելիր խոսքը՝ անջատելով նրա խոսափողը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ նշեց, որ հանձնաժողովը ոչ թե պետք է ուսումնասիրեր մարտի 1-ի սպանությունները, այլ հետևեր, թե իրավապահները արդարության բացահայտման ինչ գործողություններ են կատարել. «Եթե կողմ չեք քվեարկել, ապա արյան համար և արդարադատության բացահայտման համար պատասխանատվությունը վերցնում եք ձեր ուսերին»,- նշեց Զուրաբյանը:
Ի վերջո, որոշումը չընդունվեց: Կողմ քվեարկեց 46, իսկ դեմ` 66 պատգամավոր: