Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց, որ չորս կուսակցությունների առաջնորդները սկսել են միասնական օրակարգ ստեղծելու հարց բարձրացնել:
«Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի մեկին միասնական օրակարգի մասին խոսեց, դրանից առաջ էլ ԲՀԿ-ի համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանը խոսեց միասնական գործելու մասին: Իսկ այս ամենից ավելի վաղ` անցած տարվա փետրվարի 18-ին, Րաֆֆի Հովհաննիսյանը բարձրացրեց միասնական օրակարգի հարցը»,- նշեց Մարտիրոսյանը` հավելելով, որ չորս ոչ իշխանական ուժերի միջեւ համագործակցությունը սկսել է դեռ կուտակայինի դեմ տարվող պայքարից:
Ժառանգության փոխնախագահը նշեց, որ իրենց կուսակցությունը պատրաստ է համագործակցել ցանկացած ուժի հետ. «Չգիտեմ խորհրդարանական ձեւաչափով հրավեր դեռ չի եղել, իսկ վարչության կողմից դեռ ոչինչ ասել չեմ կարող: Ամեն դեպքում մենք բաց ենք ցանկացած հանդիպման համար» - նշեց նա: