Հայաստանի քաղաքացիների կողմից հայ-ադրբեջանական սահմանը հատելու ու ադրբեջանական կողմում խոշտանգումների ենթարկվելու երևույթը պետք է դիտարկել երկու տեսանկյունից: Առաջին, պետք է ուսումնասիրել այդ ուղղությամբ միջազգային կազմակերպությունների, համանախագահների ու ՀՀ համապատասխան կառույցների աշխատանքն ու գնահատականները: Եվ երկրորդ, խնդիրը պետք է դիտարկել Հայաստանի կողմից իրականացվող պետական սահմանի պահպանության արդյունավետության տեսանկյունից:
Երկար կարելի է փորփրել միջազգային կոնվենցիաներն ու պայմանագրերը` անընդմեջ կոչեր ու նամակներ հղելով տարբեր միջազգային կազմակերպությունների, սակայն փորձենք խնդրին մոտենալ այլ ռակուրսից: Իսկ ի՞նչ ենք անում մենք` կանխարգելելու ՀՀ քաղաքացիների մուտքը սահմանի ադրբեջանական հատված: Եվ ի վերջո, ո՞վ է պատասխանատվություն կրում դրա համար:
Հայաստանի քաղաքացիների` հայ-ադրբեջանական սահմանը հատելու միջադեպերը բավականին մտահոգիչ են ոչ միայն այն առումով, որ Ադրբեջանում վերջիններիս կտտանքների ու անմարդկային վերաբերմունքի են ենթարկում, այլ նրանով, որ մարդիկ անարգել հատում են սահմանը, իսկ Հայաստանում այդ մասին իմանում են ադրբեջանական լրատվամիջոցներից:
Ու այս պարագայում ամենևին էլ կարևոր չէ, թե ով, ինչ պատճառով է հատում սահմանը` մոլորությա՞ն, թե՞ հուսահատության, փաստն այն է, որ մարդիկ առանց լուրջ խոչընդոտների հայտնվում են սահմանի` Ադրբեջանի կողմից վերահսկվող հատվածներում:
Առավել անընկալելի է, երբ 2 ամիս առաջ, սահմանի վերոնշյալ հատվածով, ՀՀ քաղաքացու կողմից սահմանը հատելուց հետո համապատասխան կառույցները անհրաժեշտ հետևություններ չեն արել, ինչի արդյունքում, նախորդ միջադեպից 2 ամիս անց, սահմանի գրեթե նույն ուղղությունից, կրկին քաղաքացին ինչ-ինչ պատճառներով հատել է սահմանը:
Սահմանի պահպանությունը չի ենթադրում յուրաքանչյուր մետրի վրա ուղեկալների կամ զինվորների տեղակայում: Ցանկացած կոնֆլիկտ իր առանձնահատկություններն ունի, առավել ևս, երբ աշխարհագրական դիրքից ելնելով միևնույն պաշտպանական միջոցները պարտադիր չէ, որ արդյունավետ լինեն բոլոր կոնֆլիկտների դեպքում:
Պետական սահմանների անվտանգությունը ապահովելու նպատակով պետությունները տարբեր ճանապարհների են դիմում` սահմանի երկայնքով պարիսպների, պատերի կառուցումից մինչև տեսախցիկների տեղադրում:
Այս տեսանկյունից, Հայաստանի համար իրավիճակն ամենահեշտերից չէ: Նոյեմբերյանից մինչև Հորադիզ ու Նախիջևանի ողջ սահմանով մարտական դիրքեր են, ինժեներական տարբեր ենթակառուցվածքներ, իսկ ավելի կոնկրետ բանակի 1/3-ը ամենօրյա մարտական հերթապահություն է իրականացնում: Սակայն եթե սա 5, 10, 15 տարի առաջ բավարար քայլ էր` քաղաքացիների անվտանգությունը ապահովելու հարցում, ապա այսօր սահմանի պահպանության հարցում նոր մարտահրավերներ կան:
Եթե 77-ամյա քաղաքացին ի վիճակի է աննկատ հատել սահմանը, հասկանալի է, որ դա ոչ մի խնդիր չի ստեղծի հակառակորդի հատուկ ստորաբաժանումների համար, ի դեպ, դրա նախադեպը ևս գրանցվել է: Առավել ևս, որ հակառակորդը շարունակում է ապավինել դիվերսիոն խմբերի ու դիպուկահարների մարտավարությանը:
Ընդ որում` ակնհայտ է, որ սահմանի այդ հատվածում բացակայում են փշալարերն ու ականապատ դաշտը, որոնցով «հարուստ» են սահմանի այլ հատվածները:
Անհնար է ամբողջական իմաստով հայտարարել, թե մարտական հենակետերը չեն ապահովում սահմանի անվտանգությունը, սակայն ակնհայտ է, որ սահմանագծի տարբեր հատվածներում խոցելի «խոռոչներ» կան, որոնք ողբերգական դեպքերի են հանգեցնում` լրացուցիչ սրելով իրավիճակը:
Վերջին միջադեպերը ստիպում են վերանայել պետական սահմանի պահպանության հարցը` սահմանի առավել խոցելի հատվածները համալրելով նոր ենթակառուցվածքներով:
Փորձագետ Տիգրան Աբրահամյան