Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը զինվորականների վերահսկողության տակ է: եւ անհանգստության առիթ չկա: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, ԱԺ-ում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի հարցին, թե ինչպիսին է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին այն տեղեկության ֆոնին, որ ադրբեջանական կողմից զինված ուժերի կուտակումներ են նկատվել:
Նախարարի խոսքով՝ այս տարվա սկզբից, մասնավորապես, հունվարի 19-ից հետո, Ադրբեջանը առավելագույնս սրել է իրավիճակը սահմանին, 10 անգամ ավելացնելով հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցների ինտենսիվությունը:
«Մենք պետք է հասկանանք, որ տարվա սկզբին պլանային զորավարժություններ են անցկացվում: Նույնը տեղի է ունենում նաեւ ադրբեջանական կողմում, այնտեղ պլանային զորավարժություններ են տեղի ունենում: Մենք պետք է հանգիստ լինենք, քանի որ մեր Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը: Ավելին, վերջին ժամանակներս մենք նկատում ենք ինժեներական աշխատանքների ակտիվացում: Զորավարժությունների մոտ 30 տոկոսն իրականացվում է հենց այն վայրերում, որտեղ մենք պետք է պաշտպանություն կազմակերպենք»,-ընդգծել է Սեյրան Օհանյանը: