ՀՀ կառավարության այսօր ընդունեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագիծը, համաձայն որի մի շարք արտոնություններ են տրամադրվում ՏՏ ոլորտի կազմակերպություններին:
Որոշման ընդունումից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը ներկայացրեց օրենսդրական նախաձեռնության արտոնությունները:
Մասնավորապես՝ արտոնությունները տրամադրվում են ՏՏ ոլորտի սկսնակ ձեռնարկություններին, որոնք ունեն ոչ ավել, քան 15 աշխատող: Նրանց տրամադրվելու է երկու տեսակի արտոնություն. մեկը վերաբերում է պետական աջակցության ծրագրերին, որի մեջ ներառվում է նաև ներդրումային ծրագրերը՝ դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն, միասնական վենչուրային հիմնադրամի կողմից ներդրումային ծրագրեր, երկրորդը վերաբերում է հարկային արտոնություններին:
Մասնավորապես, նախարարի ներկայացմամբ՝ սկսնակ ձեռնարկություններին շահութահարկը սահմանվելու է 0 տոկոս, իսկ եկամտահարկի արտոնություն՝ 10% ֆիքսված դրույքաչափով: Ձեռնարկություններն այս արտոնությունները ստանալու են երեք տարի ժամկետով:
«Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաները բավականաչափ դինամիկ աճ են ապրում, այնուհանդերձ համաշխարհային մրցակությունը ՏՏ ընկերությունների համար շատ խիստ մրցակցային է: Անկալում ենք, որ այս նախաձեռնությունը հնարավորություն կտա, որ տարեկան 50-60 ձեռնարկություններ այս ոլորտում աճ արձանագրել»,- տեղեկացրեց նախարարը:
Ըստ Վահրամ Ավանեսյանի՝ ակնկալվում է ներգրավել արտերկրում գործող ոլորտի ձեռնարկություններին: Նրա խոսքով՝ արդյունքները զգալի կլինեն երեք տարիների ընթացքում:
Հարցին, թե ինչպե՞ս է արվելու, որ խոշոր ՏՏ ընկերությունները չտրոհվեն, նախարարը պատասխանեց.
«Այս բնագավառին չվերաբերող գործարք իրականացնող ընկերությունները կզրկվեն արտոնություններից: Սա խիստ գործիք է, որովհետև բացառվում է որևէ այլ գործունեություն: Ընկերությունները պետք է ստանան հավաստագիր, որը տրամադրվելու է ստեղծված հանձնաժողովի կողմից, բացի այդ պետք է հայտարարագրեն, որ չեն ստեղծվում այլ ընկերության տրոհման ճանապարհով»: