Այն, որ Ղրիմը չի ուզում ենթարկվել Կիևին, ակնհայտ է: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ղրիմի խաղը խաղացված է, այնտեղ ամեն ինչ ավարտվել է, և թե ինչ է ուզում Ռուսաստանը՝ քիչ թե շատ հայտնի է: Ուկրաինան թուլացել է, և Ռուսաստանը նրանից մի կտոր է ուզում»,- նշեց նա:

Քաղաքագետի խոսքերով, Ռուսաստանի հանդեպ կոշտ պատժամիջոցներ հնարավոր չէ կիրառել, ինչպես կիրառվում է աշխարհի շատ երկրների դեպքում:

«Ինչ վերաբերում է Ուկրաինայի նոր իշխանություններին, ապա նրանք անկարող են ընդունել որոշումներ, որոնք կգործարկվեն երկրի ողջ տարածքում»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Անդրադառնալով Ղրիմի հարցում հայաստանյան իշխանությունների կեցվածքին՝ քաղաքագետը նշեց, որ հավասարակշռություն պահելն ամենաճիշտ տարբերակն է:

«Հայաստանն սպասում է: Եվ ինչո՞ւ կողմերից մեկին պաշտպանել. դա միայն կվնասի մեզ»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը: