«Դեմ.եմ»-ի երթը մեկնարկեց օրհներգով: Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը նշեց, որ այսօր սպասվում է հավաք-երթ, որի ընթացքում ելույթ կունենան քաղաքացիներ, ովքեր մտահոգված են նոր համակարգով:
Իր խոսքում Դավիթը նաև նշեց հավաքից հետո սպասվող երթի երթուղին, որը կանցնի Մաշտոցի պողոտա, Սայաթ-Նովա, Հանրապետության հրապարակ, ապա Մաշտոցի պողոտա և Ազատության հրապարակ:
Հավաքի ընթացքում ելույթ ունեցավ ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը, ով իր ելույթում նշեց, որ 23 տարի առաձ հայ ժողովուրդը կարողացավ ետ բերել Արցախն ու գերեվարված հողը վերադարձնել հայրենիքին և հույս հայտնեց, որ այսպիսի միասնության շնորհիվ կկարողանան երկիրը փրկել կործանումից:
«Մենք ուրախ ենք այս շարժման համար: Հենց նրանք պետք է դառնան առաջնորդներ, ովքեր կապահովեն մեր երկրի թռիչքային զարգացումները: Այս շարժումը նյութական կորուստների խնդիր չի դրել իր առաջ այլ արժանահավատության: Դուք վստահ եղեք, որ կարող եք ձեր տեսակետները պնդել հակառակորդի առաջ», - նշեց նա, հավելելով, որ ներկա իշխանություններին կարող են հակառակորդ անվանել:
«Այս օրերին շատ հուսահատական խոսքեր են հնչել, թե մեր երկրում պայքարող մարդ չի մնացել, ահա խնդրեմ տեսեք: Ես բոլորին խնդրում եմ ողջունել մեր պայքարող բնակչությանը», - նշեց նա:
Իր խոսքում Սեֆիլյանն անդրադարձավ նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին, նշելով, թե շատ գործիչներ խոսում են Ռուսաստանի հետ միացման մասին:
«Նշում են, որ պատմությունը սիրում է կրկնվել: Ես վստահ եմ, որ պատմությունը չի կրկնվի, մենք ենք դրա կերտողը: Մենք ենք տերը մեր երկրի», - իր խոսքի վերջում նշեց Սեֆիլյանը:


