Այսօր, մարտի 24-ին տեղի ունեցած Երևանի քաղաքապետի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ միայն Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերել են բացօթյա ապօրինի առևտրի 28 դեպք ու կազմել են արձանագրություններ: Սա նշանակում է, որ այդքան մարդ տուգանվել է բավական չի, նրանց թույլ չեն տալիս իրականացնել փողոցային առևտուր: Բոլորս գիտենք, Երևանի քաղաքապետը նույնպես, որ հիմնականում օրվա հացի խնդիր ունեցող տարիքով մարդիկ են զբաղվում նման առևտրով: Որքան էլ իսկապես տգեղ լինի երևույթը, կարծում եմ երևանցիներս չենք նեղանա, եթե այդ մարդկանց հանգիստ թողնեք:
Երևանում կան շատ ավելի տգեղ երևույթներ, որոնց համար ոչ մեկը չի պատժվում, օրինակ Օղակաձև զբոսայգու Վարդանանց փ. 15/4 հասցեում գտնվող կիսակառույցը, որը նախագծային էական խախտումներով կառուցվել էր «Մանկական զվարճալիքների կենտրոն» ու «Լենա Թովմասյան» ՍՊ-ի կողմից և դրա հետևանքով փլուզվել էր 2012թ. հոկտեմբերի 25-ին, սակայն Երևանի քաղաքապետարանի կողմից 16.07.2013 թ. ստացել է շինարարական նոր թույլտվություն ու կառուցապատողի կողմից շինարարական աշխատանքները դեռևս չեն վերսկսվել: Չափազանց տգեղ են այդ շինարարության հետքերը՝ ժանգոտված, սևացած, ցցված սյուներ, կարծես երկրաշարժի տխուր հետքեր լինեն: Ըստ մարտի 18-ին ինձ հասցեագրված քաղաքապետի խորհրդականի կողմից ստորագրված նամակի, քաղաքապետարանի կողմից Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին առաջարկվել է կամ նշված տարածքում վարձակալի կողմից կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ իրականացնել կամ լուծել տարածքի վարձակալության պայմանագիրը: Նշեմ, որ սա Քաղաքապետի հանձնարարականն է, որը, որքան էլ տարօրինակ է, կատարման ժամկետ չունի: Յուրաքանչյոր գործակարգավարականի ժամանակ սպասում եմ , որ զեկուցվի այդ հանձնարարականի մասին, սակայն՝ ապարդյուն:
Գործակարգավարականում կրկին անդրադարձ եղավ դպրոցներում դրամահավաքի երևույթի բացառման հանձնարարականին, որին իհարկե անձամբ դեմ եմ, եթե դրա նպատակը որևէ մեկին նվերի տեսքով կաշառք տալն է: Իմ խորին համոզմամբ, ծայրահեղ է հնչում հանձնարարականը, որովհետև մանկապարտեզներում և դպրոցներում կան միջոցառումներ, որոնք առանց ծնողների միջոցով կամավոր դրամահավաքի չեն իրականանա, ավելին՝ նման դեպքերում մանկապարտեզի և դպրոցների տնօրենները խստորեն կքննադատվեն: Սակայն այս երևույթը չի վերանա, քանի դեռ մի քիչ ավելի բարձր մակարդակում շատ ընդունված և պահանջված է դրամահավաքը, և դրա վերացման մասին իրավունք ունեն բարձրաձայն խոսել միայն այն պաշտոնյաները, ովքեր չեն օգտվում անօրինական դրամահավաքից:
Հարգելի երևանցիներ, ուշադիր եղեք, Քաղաքապետի կողմից խստորեն դատապարտվեց քաղաքացիների նամակների պատասխաններն ուշացնելու երևույթը և հանձնարարվեց համապատասխան վարչությունների պետերին նկատողություն հայտարարել նույնիսկ մեկ վայրկյան ուշացնելու դեպքերում, իսկ կրկնվելու դեպքում. « նրանք կլքեն պաշտոնը», ասաց պարոն Մարգարյանը:
«Բարև Երևան»