ԱԺ-ում քննարկվում է ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ 2012-13 թվականների ընթացքում արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երևանի ուղևորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի քննարկումները:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկել էր ստեղծված հարցերի վերաբերյալ կազմակերպել խորհրդարանական լսումներ: Այս առաջարկին իր ելույթի ընթացքում անդրադարձավ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Կքվեարկենք, եթե դուք ինչպես միշտ դեմ կլինեք, նոր խորհրդարանական լսումներ կկազմակերպենք: Մենք մեր գործ թողած՝ ձեր գործն ենք անում», - նշեց պատգամավորը:
Նա անդրադարձավ տրանսպորտի ուղեվարձի խնդրին, նշելով, թե ինքը գիտե, որ ուղեվարձը պետք է կազմի 80 դրամ:
«Դուք ուսումնասիրություններ արեք, ներկայացրեք ձեր ասած գինը: Դուք ձեր գործը չեք անում, դուք նախաձեռնություն վերցրեք: Չեք վերցնում, քանի որ դուք կառավարության վրա ազդեցություն չունեք, հակառակը, իսկ մեզ վրա ոչ մեկ չի կարող ազդեցություն ունենալ», - նշեց նա: