Այսօր ԱԺ-ում ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով նշեց, թե այստեղ ՀՀԿ մի քանի պատգամավորներ նշել են, թե ընդդիմությունը զբաղված է միայն հանձնաժողովաստեղծությամբ:
«Այնինչ մի քանի ամիս առաջ ՀԱԿ-ը ներկայացրել էր լուծումներ, որոնք արժանացան այլ քաղաքական ուժերի հավանությանը ևս: Մենք առաջարկում էինք երթևեկության համար հատկացված տուգանքները կրճատել հինգ անգամ, երթևեկության խախտումններից գոյացած գումարները մուտքագրել պետական բյուջե և այն որպես սուբսիդացիա, ներկայացնել ուղեվարձը 100 դրամ պահպանելու համար: Սակայն մենք անիմաստ ենք համարում սա ներկայացնել, քանի որ դուք դեմ եք գնում ընդդիմության կողմից ներկայացված ցանկացած առաջարկին», - նշեց նա:
Նրա խոսքերով, բոլորս էլ գիտենք, որ այդ փողերը գնում էին ինչ-որ իշխանավորների գրպաններ:
«Այս փողերը գնում են Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի և ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի գրպանները: Անգամ փորձ չի արվել երբևէ հերքել այդ տվյալները: Ստացվում է, որ եթե առաջ այդ կոռուպցիային մասնակցում էին շատերը, ապա այժմ դրանք հոսում են իշխող նեղ կլանի գրպանը», - նշեց նա:
Զուրաբյանի խոսքով, դրամահավաքի համար իշխանության երևակայությունը չունի ոչ մի սահման :
«Դա հասնում է Ժաննի Ռոդարիի Չիպոլինոյի արկածների մեջ ներկայացված այնպիսի հարկերի, ինչպիսիք են օդի հարկը կամ անձրևի հարկը», - նշեց նա, հավելելով, թե վերջերս ականատես է եղել դրամաշորթության մեկ այլ օրինակի:
«Վերջերս մասնավոր մի գործով եղա մի գյուղապետարանում, որի անունը չեմ ցանկանում տալ և գյուղապետարանի սեղանին դրված տեսա Սերժ Սարգսյանի միջին չափի դիմանկարը՝ մեկը սեղանին, մյուսը պատին: Պարզվում է, որ մի քանի ամիսը մեկ գյուղապետարաններին պետական մակարդակով պարտադրվում է տեղադրել Սերժ Սարգսյանի դիմանկարը, ամեն անգամ նորացված և դա համայնքապետարանների հաշվին», - պարզաբանեց նա:
Վերջում խմբակցության ղեկավարն իր խոսքն ուղղեց Կառավարության անդամներին՝ նշելով.
«Ուզում եմ Կառավարության ներկայացուցիչներին, ովքեր լքել են այս դահլիճը, ասել, որ մեզանից վախենալու իրենք չունեն: Մենք իրենց հետ կվարվենք շատ մեղմ ՝ օրենքի և Սահմանադրությանը համապատասխան», - եզրափակեց նա: