Այսօր դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ու skype-ով Սլովակայի Հանրապետության դատական փորձաքննությունների ինստիտուտի տնօրեն  Գուստավ Կասանիցկին ներկայացրեցին վթարի հետ կապված դեռևս չհրապարակված փաստեր:

Ըստ Կասանիցկինի, վթարի վայրում Ոստիկանությունը չի աշխատել այնպես, ինչպես պետք էր: Նա ներկայացրեց վթարի մոդելավորումը:

Միջազգային փորձագետը նշեց, որ ունենալով ելակետային տվյալները, PS crash ծրագրով հնարավոր է շատ հստակ պատկերել մեքենաների շարժը վթարից առաջ, վթարի ժամանակ եւ վթարից հետո։

 Փորձագետն ասաց, որ մեքենաների բախումը եղել է ճանապարհի երթեւեկելի մասում, ոչ թե կողմնակում, ինչը վկայում են նաեւ լուսանկարներում առկա հետքերը։ Նրա փոխանցմամբ՝ «Նիվան» հետընթաց է կատարել, եւ բախման արդյունքում 180 աստիճան շրջվել։ Միջազգային փորձագետի խոսքով, վթարի պատճառը՝ «Նիվայի» վարորդի մեքենան սխալ վարելն էր։

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն էլ նշեց, որ «ԲՄՎ-ի» առջեւի մասը՝ ռադիատորները, ամբողջությամբ կոտրված է, իսկ  «Նիվայից» հեղուկ է թափված, կոտրված է նաեւ «Նիվայի» ապակինները, ինչը նշանակում է, որ որտեղ թափվել է հեղուկը եւ կուտակվել ապակիները, այդտեղ էլ եղել է վթարը։

«Վթարը տեղի է ունեցել, կոտրվել են Վարդան Պետրոսյանի ռադիատորը, հեղուկը ուղղահայց թափվել է, եթե կողմնակի վրա է եղել վթարը, ո՞ւր է հեղուկը, ո՞ւր է ապակին»,- նշեց փաստաբանը: