Մարտի 3-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, ՅանԿելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Քննարկվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առչնվող հարցեր: Անդրադարձ կատարվեց վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների վերաբերյալ, եռանախագահների կողմից, նախորդ հանդիպման ընթացքում արված առաջարկին:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց համանախագահների` առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցի շուրջ:Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց, որ Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` համանախագահների հետ նախորդ երկու հանդիպումների ժամանակ համաձայնեցված համատեղ մամլո հաղորդագրությունները ադրբեջանական կողմը ոչ միայն այդպես էլ չհրապարակեց, այլև, արդեն բնորոշ դարձած ոճով, ներկայացրեց քննարկված հարցերի հետ առչնություն չունեցող հաղորդագրություններ: Արդեն ավանդույթ է դարձել, երբ ադրբեջանական կողմը մերժում է եռանախագահների կողմից ներկայացված առաջարկները և հետո մտահոգություն հայտնում բանակցային գործընթացի վերաբերյալ:

Նախարար Նալբանդյանը վերստին շնորհակալություն հայտնեց համանախագահներին`
կարևոր և հետևողական միջնորդական առաքելության համար, որի վկայությունն են նաև եռանախագահ երկրների ղեկավարների կողմից լ’Ակվիլայում, Մուսկոկայում, Դովիլում և Լոս-Կաբոսում արված համատեղ հայտարարությունները:

ԱԳ նախարարը վերահաստատեց, որ Հայաստանը շարունակելու է, համանախագահների հետ միասին, ջանքերն` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: