Աշխարհում եղել են կենսաթոշակային կուտակային ֆոնդեր, որոնք իրենց գործունեության ընթացքում սնանկացել են, ինչի արդյունքում քաղաքացիները կորցրել են իրենց գումարները: Այսօր այս մասին ՍԴ-ում հայտարարեց ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«2013 թվականի նոյեմբերին Ռուսաստանում 6 ընկերություն զրկվել է լիցենզիայից և հազարավոր քաղաքացիներ կորցրել են իրենց գումարները: 2003-ի օգոստոսին «Ստիմուլ ֆոնդ» անունով ընկերությունը, որը 50 խոշոր ֆոնդերից մեկն է եղել, ևս սնանկացել է», - նշեց նա, հավելելով, թե սա վկայում է, որ համակարգը պարունակում է ռիսկեր:
ՀՅԴ պատգամավորը նաև ընդգծեց, որ Նիկարագուան 2000 թվականին նման օրենք ընդունելուց հետո 2004-ին Համաշխարհային բանկի խորհրդատվությամբ որոշեց օրենքը չկիրառել: Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ, այդ թվում՝ Հունգարիան, Էստոնիան, Լիտվան ևս վերանայել են պարտադիր համակարգի կիրառումը: