ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է  տարածել Քեսաբում տիրող իրավիճակի մասին:

«Վերջին օրերին իրավիճակը Սիրիայում բնութագրվում է կառավարական ուժերի ու անօրինական զինված խմբավորումների միջեւ հակամարտության կտրուկ սրմամբ»,- ասվում Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության վարչության մեկնաբանության մեջ: Ինչպես նշում է աղբյուրը, հիմնական բախումները տեղի են ունենում Սիրիայի հյուսիս-արեւմուտքում:

Մարտի 21-ին «Ալ Քաիդա»-ի հետ կապված ծայրահեղական խմբավորումները հարձակվել են Թուրքիային սահմանամերձ` հայաբնակ Քեսաբի վրա: Զգուշանալով ահաբեկիչների ոտնձգություններից՝ Քեսաբի, Սամրայի եւ մոտակա բնակավայերի հայ բնակչությունը պատսպարվել է Լաթաքիայում:

 Քեսաբի գրավումը խիստ քննադատության է արժանացել ողջ աշխարհի հայության կողմից: Երեւանում ՄԱԿ-ի ներկայացուցչության շենքի մոտ բողոքի ցույց է տեղի ունեցել:

ՌԴ ԱԳՆ-ն վճռականորեն քննադատում է ահաբեկչական եւ այլ բնույթի հանցանքները խաղաղ բնակչության հանդեպ, ինչպես նաեւ գրոհայինների կողմից սիրիական քաղաքների ու բնակավայրերի գնդակոծությունները: Այնպիսի տպավորություն է, որ գրոհայինների ակտիվացման նպատակն է` թույլ չտալ միջսիրիական բանակցությունները, խափանել քիմիական զենքի չեզոքացումը, ինչն անթույլատրելի է: Ռուսաստանը պատրաստ է համագործակցել գործընկերների հետ` Սիրիայում ներքին արյունահեղ հակամարտության դադարեցման համար 2012-ի հունիսի 30-ի Ժնեւի կոմյունիկեի իրականացման հիման վրա»: