Երևանում ընթանում է ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովը` «Հայաստան- ՄՄ» հնարավորություններ և մարտահրավերներ թեմայով:
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու պարտավորությունների ավելի քան 70 տոկոսն արդեն կատարված են: Այս մասին համաժողովի ընթացքում նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հայտնի փաստ է, որ տնտեսական ինտեգրումն էապես ընդլայնում է երկրների զարգացման հնարավորությունները: Այդ փաստի գիտակցումն է ընկած Մաքսային միությանն անդամակցելու մեր որոշման հիմքում: Միևնույն ժամանակ, ինտեգրման գործընթացի ճանապարհին ի հայտ են գալիս մարտահրավերներ, որոնց հաղթահարումը մեծապես պայմանավորված է համատեղ աշխատանքի արդյունավետությամբ եւ փոխըմբռնման բարձր մակարդակով: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի համապատասխան կառույցների հետ ակտիվ համագործակցությունը մեզ թույլ է տալիս էական առաջընթաց արձանագրել այդ ճանապարհին:
Հաջորդ քայլը միջազգային իրավական փաստաթղթի ստորագրումն է եւ մեր երկրի անմիջական մասնակցությունը միջազգային ինտեգրացիոն գորընթացներին: Համոզված եմ, որ այսօրվա համաժողովը լավ առիթ կդառնա համակողմանիորեն դիտարկելու առկա բոլոր խնդիրներն ու մարտահրավերները: Բոլորին մաղթում եմ արդյունավետ աշխատանք»: