Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելի հետ շեհիդների ծառուղի կատարած այցի ժամանակ ոչ ճիշտ զինվորական ողջույն է տվել, ինչի պատճառով նրան քննադատել և դատապարտել են սոցիալական ցանցերում:
«Չեմ զարմանում, որ Զաքիր Հասանովն անգամ ճիշտ զինվորական ողջույն տալ չի կարողանում: Անդրադառնամ նրա կողմից թույլ տրված ևս մեկ անթույլատրելի սխալի: Վերջերս երկրի ղեկավարի արտասահմանում գտնվելու ժամանակ պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը և այլ հրամանտարներ այցելեցին սահմանամերձ շրջաններ: Դա միանգամայն սխալ է, քանի որ, եթե այնտեղ նրա հետ որևէ անցանկալի դեպք կատարվեր, երկիրը կարող էր մնալ առանց ղեկավարի: Կարող են առարկել, թե այժմ պատերազմական վիճակ չէ: Բայց ո՞վ կարող է երաշխավորել, որ նման բան չի պատահել»,- ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթին տրված հարցազրույցում հայտնել է ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:
«Պաշտպանության նախարարը նման սխալներ չպետք է թույլ տա: Նա պետք է օրինակ լինի բոլոր զինծառայողների համար: Բայց մամուլում բերված նրա լուսանկարներին նայելիս շատ սխալներ ենք նկատում»,- ասել է Ջաֆարովը:
Փորձագետը ափսոսանք է հայտնել, որ գեներալի կոչում կրող անձինք արտասահմանցի հյուրեր ընդունելու ժամանակ անզգուշություններ են թույլ տալիս: