ՀՀ ռազմական պոտենցիալի վերաբերյալ մեզ հուզող հարցերի պատասխանները YerevanNews.am-ը փորձեց պարզել ռազմական փորձագետ Դավիթ Սոֆիյանի հետ զրույցում:
Ըստ Ձեզ ինչպիսի՞ ռազմական պոտենցիալ ունի ՀՀ-ն քանակական և որակական առումով:
Ռազմական պոտենցիալի մակարդակը ավելի տեսանելի է դառնում, երբ այն սկսում ենք համեմատել այլ պետությունների ռազմական պոտենցիալի հետ, և բնականաբար, այն համեմատության մեջ չենք դնի ԱՄՆ, Իսրայելի կամ Մեծ Բրիտանիայի ռազմական պոտենցիալի հետ, այլ կդիտարկենք այն մեր արևելյան հարևանի` Ադրբեջանի Հանրապետության հետ համեմատությամբ: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի Հանրապետության ահռելի գումարներ է ծախսում ռազմական ոլորտում, ինչն էլ թույլ է տալիս նրանց քանակական առումով գերազանցել մեզ: Բայց ռազմական տեխնիկայի շատ լինելը ամենևին չի նշանակում տեխնիկայի ուժեղություն կամ կիրառման հնարավորություն:
Oրինակ` Ուկրաինան ունենալով հսկայական տանկային հավաքակայաններ` չի կարողանում անձնակազմ հավաքել դրանց համար, կամ, ունենալով Տ-90 տանկեր, հնդկական բանակը ստիպված է նոր արդիականացումներ կատարել, քանի որ օդի մաքրման համակարգը նախատեսված չի եղել անապատային պայմաններում շահագործվելու համար:
Ադրբեջանը իր ռազմական բյուջեից հսկայական գումարներ է ծախսում PR կազմակերպությունների վրա ուռճացված տվյալներ մատուցելու` փորձելով մեզ և միջազգային հանրությանը ցույց տալու, որ իրենք ունեն հսկայական ռազմական տեխնիկա ու մարտունակ բանակ. դրա վկայությունն են վերջին հայտարարված ռեյտինգները: Ի տարբերություն մեր հարևան Ադրբեջանի` մենք տեխնիկան կիրառելու կարողություն ունենք, և մեր ռեսուրսները ավելի նպատակային են ծախվսում:
Ի՞նչ մակարդակի վրա է գտնվում ՀՀ ռազմական արդյունաբերությունը, և որքանո՞վ եք նպատակահարմար համարում գնել Խորհրդային արտադրության տանկեր կամ այլ ռազմական տեխնիկա և գումարներ ծախսել այն վերանորոգելու համար:
Ռուսական ռազմական տեխնիկան վատը համարել չի կարելի: Եթե խոսքը տանկերի մասին է պետք է նշել, որ Տ-72 Բ3 տանկը, որն Տ-72-ի արդիականացումներից մեկն է, ձեռնոց է նետում ժամանակաից այլ տանկերին, չնայաց բավական հին արտադրության տանկեր են: 1980-ականներին ստեղծված Տ-90-ը, որը Տ-72-ի արդիականացված տարբերակն է համարվում, այս պահի դրությամբ աշխարհի լավագույն 10 տանկերի մեջ է մտնում և կարող է նույն իսրայելական Merkava-ի կամ Abrams-ի հետ հավասար հարթության վրա դրվել: Ինչ վերաբերվում է ռազմական տեխնիկաները վերանորոգելուն, պետք է նշել, որ հայկական ռազմական արդյունաբերությունը հիմա կանգնած է բավականին լավ հիմքերի վրա, որը մեզ թույլ է տալիս Հայաստանում նույն համակարգերը արդիականացնել:
Կան մի շարք կազմակերպություններ և հիմնարկներ, որոնք ակտիվորեն համագործակցում են ՊՆ-ի հետ և բավականին լայն աշխատանք են կատարում հատկապես տեխնիկայի արդիականացման կամ նոր տարբերակների ստեղծման, զենքերի, օպտիկական ու լազերային սարքավորումների արտադրման ուղղությամբ:
Այսպիսով, ընդհանրացնելով կարելի է նշել, որ Ադրբեջանի Հանրապետության նավթադոլարներներից հարստացած պետական և ռազմական բյուջեի բազմաքանակ զրոները դեռ չեն խոսում գումարների արդյունավետ ծախսի, ռազմական տեխնիկայի արդիականության կամ լեռնային պայմաններում դրա կիրառման հնարավորության մասին, քանի որ այդ տեխնիկան կիրառող զինվորականության բարոյահոգեբանական մակարդակը, մեղմ ասած, ցածր է, որը միշտ եղել է տեսանելի, սակայն վերջին եռամսյակի ընթացքում և, մասնավորապես, վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած սպանություններն ու ինքնասպանությունները ցույց տվեց ադրբեջանական բանակում տիրող իրական իրավիճակը: Եվ չի բացառվում, որ վերջին օրերին տեղի ունեցած դեպքերը կարող են ներքին քաղաքական լուրջ զարգացումներ ունենան:
Հեղինակ Իզոլդա Սարգսյան