«Խնդիրը անձերի մեջ չէր, այլ ներկայացված ծրագիրն իրականացնելու ու դրա մեթոդների մեջ էր»- այսպիսի արդարացում է փորձում գտնել ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը նախկին վարչապետի ձախողված ղեկավարման համար, միեւնույն ժամանակ փաստելով, որ թերացումներ անկասկած եղել են:

Այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ բանախոսներ ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանն ու ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը խոսեցին նախկին վարչապետի թերացումների ու ներկայիս վարչապետի հետ կապված ակնկալիքների մասին: 

«Ակադեմիական գրքեր ուսումնասիրելով ու ճոխ մեջբերումներ անելով հնարավոր չէ լավ ղեկավար լինել ու տնտեսական հարցեր լուծել»- նշում է Լյովա Խաչատրյանը:

Այս հարցի շուրջ մեկ այլ կարծիք ունեցող ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը փաստում է, որ վարչապետի անձի կամ թերացումների վրա կենտրոնանալը ճիշտ չէ:

«Տիգրան Սարգսյանն անշուշտ աշխատել է: Այն, որ ժամանակն իր հետ բերեց տնտեսական լուրջ խնդիրներ ու այդ թվում ճգնաժամ, չեր կարող սայթաքումներ չապահովել: Մարդը կարող է սայթաքել ու սխալվել, չնայած իրավիճակներ կան, որտեղ մարդկային գործոնը կարևոր է: Վրիպում թույլ տալը, դա դեռ սխալ չէ»-նշում է Լեռնիկ Ալեքսանյանը:

ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանն էլ չի հասկանում սայթաքել բառի իմաստը:

«Ինչպես կարելի է բիո-զուգարան կառուցել՝ ջրամբար նորոգելու փոխարեն: Դա սայթաքել չէ, դա կոպիտ սխալ է»,-ասաց Լյովա Խաչատրյանը:

Անդրադառնալով նորանշանակ վարչապետին ու նրանից սպասվող փոփոխություններին, երկու բանախոսներն էլ միաձայն փաստում են, որ Հովիկ Աբրահամյանը կարող է դառնալ «ճգնաժամային մենեջեր», հույսեր կան, որ նա կփրկի իրավիճակը: