Հայաստանի հավաքականի և «Էմենի» կիսապաշտպան Նորայր Ասլանյանը NEWS.am Sport-ի թղթակիցի հետ զրույցում հայտնել է, որ երկուշաբթի օրը կայացած «Էքսելսյորի» դեմ խաղում նրա ստացած վնասվածքը լուրջ չէր:
- Խաղի 10-րդ րոպեին զգացի, որ մկանս ձգվեց, բայց մտածեցի, որ վտանգավոր չէ և կարող եմ շարունակել խաղալ: Բայց մի քանի րոպե անց զգացի, որ ավելի է ցավում: Առաջին բանը, ինչի մասին մտածեցի դա Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումն էր: Վախեցա, որ կարող է վնասվածքը լուրջ լինի և չկարողանամ խաղալ, փոխարինում խնդրեցի:
Այսօր առավոտյան ակումբի բժիշկները զննեցին և ասացին, որ իրոք, մկանս է ձգվել, բայց վտանգավոր բան չկա: Մեկ շաբաթ հետո կարող եմ կրկին մարզվել: Ամենայն հավանականությամբ, հավաքականի խաղին լիովին պատրաստ կլինեմ: Վաղը կրկին կստուգվեմ, արդեն հիվանդանոցում։ Եվ հստակ ամեն ինչ պարզ կլինի:
Ես ֆիզիկապես ուժեղ եմ, և այսպիսի բաներ ինձ հետ չեն պատահում: Պարզապես հիմա Հոլանդիայում շատ ցուրտ է և խաղում ենք արհեսատական խոտածածկի վրա, այդքան էլ սովոր չէինք այս պայմաններին: Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի: Ամանեմեծ ցանկությունս հավաքականին միանալն է,- նշել է Հայաստանի հավաքականի նորեկը: