Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր` մարտի 5-ին, այցելել է «Գրացիա» միջազգային Կարմիր խաչի կենտրոնում բուժումը շարունակող ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանին, հետաքրքրվել նրա առողջական վիճակով։
Մասնագետները նախարարին ներկայացրել են Պարույր Հայրիկյանի բուժման ընթացքը։ Բժիշկների հավաստմամբ` վերջին մի քանի օրում ԱԻՄ առաջնորդի առողջական վիճակի դրական տեղաշարժ է արձանագրվում. ցավերը խիստ նվազել են, ձեռքի շարժողականության ֆունկցիան վերականգնվում է, ինչի
արդյունքում ընդհանուր ինքնազգացողությունը բարելավվում է։ Պարույր Հայրիկյանի վերականգնողական համալիր բուժումը շարունակվում է։
Նախարար Դումանյանը հանձնարարել է բուժման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ըստ անհրաժեշտության ընդգրկել լրացուցիչ մասնագետներ, իրականացնել լրացուցիչ հետազոտություններ և դրանց արդյունքների մասին պարբերաբար տեղեկացնել իրեն։