Լարիսա Ալավերդյանն այսօր՝ Ելակետ մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ՀՀ- ում մամուլի եւ խոսքի ազատությանն ու համոզմունք հայտնեց,  որ լրագրողի մասնագիտությունն  ամենավտանգավորն է:

«Մենք անլուծելի խնդիրներ շատ ունենք, դրանցից մեկն էլ թերեւս  խոսքի ու մամուլի  ազատության խնդիրն է, չնայած չենք կարող մերժել, որ այսօր մեր երկրում շատ բաներ փոխվում են հենց մամուլի ու լրագրողների շնորհիվ»-նշեց բանախոսը հավելելով,-«լրագրողները եւս պետք է հիշեն, որ կան օրենքներ, որոնք պահպանել է պետք: Ոչ մի գրված օրենք չի կարող հաղթել չգրված օրենքներին, այնպես որ էթիկայի ու չգրված օրենքների պահպանությունն էլ ավելի կզարգացնի մեզ հենց լրագրողի շնորհիվ»: 

Այն հարցին, թե  հայկական եթերում  խոսքի ազատություն գոյություն ունի թե ոչ, բանախոսը պատասխանում է.

«Մենք այսօր եթերում ունենք պատվիրված լրատվություն, որը որքան էլ զարմանալի է,  ինձ համար ընդունելի է: Լավ է,  երբ ստանում ես բոլորի մեկնաբանություններով նույն լուրն ու ինքդ ես որոշում որին հավատալ կամ էլ գտնել մատուցվածի ոսկե միջինը», -ասաց Լարիսա Ալավերդյանը: