Ադրբեջանական բանակի գեներալներից մեկը փախել է Ռուսաստան: Այսպիսի սենսացիոն տեղեկատվություն է այսօր տարածել Ազադլիգ թերթը:
Թերթը գրում է, որ Ռուսաստան փախուստի պատճառ է հանդիսացել Գլխավոր շտաբի պետ` Նաջմեդդին Սադիգովի հետ ընդհարումը: ԳՇ պետի հետ հերթական վեճից հետո նա հրապարակավ հայտարարել է, որ անհնար է աշխատել այդպիսի պայմաններում և լքել է երկիրը: Գեներալի անունը թերթը չի նշում:
Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը իր հերթին նշում է, որ փախուստի դիմած գեներալը Բագիր Ֆատուլլաևն է, որը երկար ժամանակ ծառայել է ռուսական բանակում: Սաֆար Աբիևի օրոք նա վերադարձել է Ադրբեջան և ստացել է բավականին բարձր պաշտոն ԶՈւ ակադեմիայում:
Սկզբում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել այս փաստը, սակայն տեղեկատվության լայն արձագանք ստանալուց հետո հանդես է եկել մերժողական հայտարարությամբ, որ իբր այդ մարդը չի հանդիսանում Ադրբեջանի քաղաքացի և ոչ էլ զինված ուժերի գեներալ: