«Մայիսի 20-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ 28+1
ձևաչափով Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 28 երկրների դեսպանները:

Նիստին Հայաստանի արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան ելույթներով:

Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայաստան-ՆԱՏՕ
համագործակցության տարբեր ոլորտներին, Հայաստանի արտաքին քաղաքականության
առաջնահերթություններին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի
վերջին զարգացումներին, միջազգային հարաբերությունների օրակարգային
խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին:

Անդրադառնալով Հայաստան – ՆԱՏՕ հարաբերություններին՝ Էդվարդ Նալբանդյանը դրական գնահատեց Անհատական գործընկերության գործողությունների ծրագրերի շրջանակներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը։ Նախարար Նալբանդյանը նշեց, որ արդեն պատրաստ է Հայաստան- ՆԱՏՕ ԱԳԳԾ-ի թվով չորրորդ 2014-2016թթ. ծրագիրը և հույս հայտնեց, որ այն շուտով
կհաստատվի ու կսկսի իրականացվել։

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում
անդրադարձավ պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների
ընթացքին և այդ համատեքստում կարևորեց Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև
համագործակցությունը:
Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին ելույթ ունեցած ՆԱՏՕ-ի գլխավոր
քարտուղարը, անդամ տասնհինգ երկրների ներկայացուցիչներ դրական գնահատեցին
Հայաստանի և Դաշինքի միջև 20 տարվա պատմություն ունեցող արդյունավետ
փոխգործակցությունը և արձանագրված արդյունքները:

Ելույթ ունեցողները գոհունակություն հայտնեցին Անհատական գործընկերության
գործողությունների ծրագրի իրականացման արդյունքների, Հայաստանում
իրականացվող բարեփոխումների ընթացքի, Կոսովոյում և Աֆղանստանում
խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության կապակցությամբ:

Այնուհետև նախարարներ Նալբանդյանն ու Օհանյանը պատասխանեցին ՆԱՏՕ-ի
անդամ երկրների դեսպանների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին
Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին,
ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և
միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերի, Ուկրաինական ճգնաժամին,
պաշտպանության ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու անդամ երկրների դեսպանները վերահաստատեցին
Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստից առաջ Հայաստանի արտաքին գործերի և
պաշտպանության նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սեյրան Օհանյանը
հանդիպեցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Գործընկերություն հանուն խաղաղության
Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում
Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային
խնդիրների շուրջ»- նշվում է պաշտոնական հաղորդագրությունում: