«Աստանայում մայիսի 6-7-ին կայացած ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով 60-րդ նիստի շրջանակներում ”Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ և “Վրացական երկաթուղի” ԲԸ երկաթուղային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ համաձայնագիր են կնքել: Համաձայնագիրը կարգավորում է երկաթուղային ուղևորա- և բեռնափոխադրումների ժամանակ երկկողմանի համագործակցության մի շարք հարցեր:

Կողմերը կորգավորեցին գնացքների չվերթների, վագոնների, բեռների և կոնտեյներների հանձնման ժամանակ ծագող մի շարք տեխնիկական հարցեր, գնացքների չվացուցակները և սպասարկման կարգը:

Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել տարբեր միջադեպերի, վթարների և աղետների ժամանակ համատեղ գործողությունների կազմակերպմանը: Օրինակ, հայկական և վրացական երկաթուղայինները պարտավորվել են փոխադարձ օգնություն տրամադրել՝ վերականգնողական գնացաների, հակահրդեհային միջոցների, ձնամաքրող սարքերի, հատուկ վերականգնողական բրիգադների, ինչպես նաև բուժանձնակազմի տրամադրման միջոցով:

Երկաթուղային վարչությունները սահմանել են վագոնների ընդունման ու հանձնման կարգերը Սադախլո կայարանում, տարբեր տեսակի բեռների ու կոնտեյներների հանձնման գործընթացները:

ՀԿԵ-ն ու ՎԵ-ն համաձայնություն են ձեռք բերել ուղևորատար վագոնների օգտագործման վերաբերյալ՝ սահմանելով, որ ուղևորափոխադրումները կազմակերպվում են կողմերի միջև ձեռքբերված համաձայնությունների հիման վրա:

Աստանայում ստորագրված համաձայնագրի կատարման հետ կապված հարցերի լուծման համար ստեղծվելու է համատեղ երկաթուղային հանձնաժողով, որը գլխավորելու է “ՀԿԵ” ՓԲԸ և “ՎԵ”ԲԸ գլխավոր տնօրենների տեղակալներից մեկը»,- նշվում է պաշտոնական հայտարարությունում: