«Հայաստանում դատավորները պատրաստ են կատարել ցանկացած անօրինություն, միայն թե դեմ չգնան դատախազությանը և իշխանությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Արա Զաքարյանը:

Հիշեցնենք` Վոլոդյա Ավետիսյանը կալանքի տակ է դեռևս նախորդ տարվա սեպտեմբերի 20-ից: Երեկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նիստի ժամանակ Արա Զաքարյանը միջնորդել էր փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը, սակայն դատարանը մերժել էր փաստաբանի միջնորությունը:

Դատարանի այդ որոշումը դահլիճում ներկա ազատամարտիկների շրջանում բուռն էր ընդունվել, և նիստերի դահլիճը որոշ ժամանակով վերչածվել էր հանրահավաքային հրապարակի:

«Երեկ դատավորին ինքնաբացարկ տալու միջնորդության հիմքում դրեցի այն հանգամանքը, որ բոլոր վկաներն արդեն ցուցմունք տվել են, ցավոք սրտի, մեր դատարանն իրեն պահեց այնպես, ինչպես կպահեր արդարադատություն իրականացնելու մի անընդունակ մարմին: Սակայն դատարանը միջնորդությունս մերժեց առանց որևէ հիմնավորման», -այսօր ասուլիսում հայտարարեց ազատամարտիկի պաշտպանը:

Բացի այդ որոշումից, դատավոր դատավոր Լևոն Ավետիսյանը հետաձգել էր փաստաբանի մեկ այլ միջնորդության քննարկումը, որը վերաբերում էր 4 վկաների ցուցմունքներն անթույլատրելի ապացույց ճանաչելուն և հայտարարել, որ միջնորդությանը անդրադարձ կլինի ապացույցների գնահատման փուլում:

Փաստաբանն այսօր հայտարարեց, որ պատրաստվում է դատավորին պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացնել Արդարադատության խորհրդում: «Հերթական անգամ դատարանները թքեցին արդարադատության երեսին», -հայտարարեց Զաքարյանը: